Վճռական ենք և պատրաստ մարտի. Ռազմական համալսարանում տեղի ունեցավ զինծառայողների երդման արարողությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ զորային հավաքների վաշտի զինծառայողների զինվորական երդման արարողությունը: «Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները:

Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, ով ասաց, որ բավականին երկար ճանապարհ են անցել 2018 թվականից «Պատիվ ունեմ» ծրագրով անցնող ուսանողները, ովքեր զուգահեռ սովորելով իրենց բուհական հաստատություններում, հաճախել են ռազմական համալսարան:

«Այսօր իրենց տեսական գիտելիքներն ամրապնդելու համար անցկացնելու ենք զորային հավաքներ գործնական պարապմունքների տեսքով: Վստահ եմ, որ սա էլ կհաղթահարենք: Այստեղ կանգնած պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է իրականացնելու իր առջև դրված առաքելությունը: Ցանկանում եմ, որ լինենք ավելի կարգապահ, ավելի վստահ, ավելի հզոր՝ պատրաստ լինելու ամուր պահելու մեր սահմանները և մեր երկրի անձեռնմխելիությունը»,- ընդգծեց Խաչատրյանը:

Գնդապետ Խաչատրյանի խոսքով` այս տարիների ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվել տեսական գիտելիքների վրա, իսկ հիմա զինծառայողներն անցնելու են գործնական պարապմունքներ:

«Զորային հավաքների 70-80 տոկոսը նվիրված է գործնական պարապմունքներին: Զորային հավաքներից հետո նրանք կդառնան սպաներ: Կարող եմ ասել, որ գրագետ տղաներ են, հեշտ է իրենց հետ պարապմունքներ անցկացնելը»,- հավելեց Խաչատրյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը , ով ընդգծեց, որ ամեն ինչ անելու են, որ զինծառայողներն իրենց ուսադիրերը կրեն հպարտորեն:

Զորային հավաքների վաշտի զինծառայող շարքային Կիրակոսյանը մեծագույն պատիվ է համարում այս ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելը:

«Շնորհավորում եմ բոլորիս և երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեծագույն ավանդ և ներդրում են ունեցել մեր կրթական ծրագրերի կայացման, կազմավորման և առաջընթացի գործում: Գիտենք, որ ռազմական համալսարանի բոլոր շրջանավարտները, հավատարիմ մնալով իրենց կոչմանն ու երդմանը, պատվով են կատարել իրենց պարտքը հայրենիքի առաջ, և այսօր գիտակցաբար ընտրելով հայ զինվորականի պարտականությունները՝ մենք մեծ նվիրումով կշարունակենք պաշտպանել և հավատարիմ մնալ հայրենյաց պաշտպանի վեհ առաքելությանը»,-ասաց Կիրակոսյանը: Նա շնորհակալություն հայտնեց ռազմական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին` ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: «Այստեղ կանգնած մեզանից յուրաքանչյուրը վճռական է և պատրաստ մարտի: Մեր ոգին բարձր է և մարտական, իսկ մեր պայքարը արդար և հերոսական»,- հավելեց Կիրակոսյանը:

Երդման արարողությունից հետո ռազմական համալսարանի գնդերեց Պետրոս սարկավագ Ղազարյանը տերունական աղոթք հնչեցրեց: