Ֆինանսների նախարարությունը մտադիր է իրացնել պետական պահուստները. թանկարժեք քարեր են կուտակվել

ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է իրացնել պետական պահուստները։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարար Տիգրան Խաչատրյանը նախատեսում է վաճառքի հանել պետական գանձարանում գտնվող ոչ բարձր իրացվելի իրերը։

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ հրապարակային աճուրդների միջոցով կիրականացվի գանձարանում գտնվող ոչ իրացվելի իրերի օտարում, սկզբում օտարման կներկայացվի առավել ոչ լիկվիդային իրերը: Բանն այն է, որ գանձարանում տարիների ընթացքում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը՝ ապրանքային տեսքը և արժեքը:

Ընդ որում, նախատեսվում է իրերի վաճառքն իրականացնել նախ՝ աճուրդների «դասական» եղանակով՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետև <հոլանդական> եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ: Եւ պետական պահուստների կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որոշել է պահուստներում կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ և թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր:

Այս նպատակով ֆինանսների նախարարությունը կառավարությանն է ներկայացրել «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը եւ խնդրել հավանություն տալ դրան։