«Իմ Սյունիք». լեռնաշխարհը Լեմս Ներսիսյանի հայացքով

Անկախությունը բացարձակ արժեք է, և հենց այդ բացարձակ արժեքի վերարժևորման գաղափարի շրջանակներում սեպտեմբերի 20-28-ը «Զանգակ» գրատան ցուցասրահում գործում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժ, Մանկավարժական գիտությունների դոկտոր, գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի «Իմ Սյունիք» ցուցահանդեսը:

Նկարաշարը պատկերարվեստի լեզվով ի մի է բերում Սյունյաց աշխարհի գեղարվեստական ու պատմաբնաշխարհագրական պատկերը: Լեմս Ներսիսյանը մշտապես հարազատ է հայրենի բնաշխարհը կտավների վերածելու, այդ բնաշխարհի նկատմամբ իր զգացողություններն ու սերը ոչ միայն գեղարվեստորեն արտահայտելու, այլև դրանցով դիտողին էլ դաստիարակելու իր սկզբունքին: Հատկանշական է, որ այս անգամ նրա ստեղծագործական հայացքն ուղղվել է Սյունիքին: Սյունյաց աշխարհի յուրահատուկ գույներն ու ձևերը հետաքրքիր արձագանք են գտել կտավներում: Սակայն միայն գեղանկարչական արձագանքը չէ. նա կարողանում է հետպատերազմական Հայաստանի իրականության մռայլ գույների մեջ գտնել գեղեցիկի ու պայքարի մասին խոսելու իր եղանակը, ավելի ճիշտ՝ հավատարիմ մնալ իր եղանակին, համազգային պայքարին միանալ այն զենքով ու գիտական բազայով, որով պարտվել հնարավոր չէ:


Լեմս Ներսիսյանի վրձինը մշտապես արձագանքել է համազգային խնդիրներին. նա սոսկ հայրենի բնության գեղագետ վերլուծողը չէ, այլև նրա պատմության, մշակույթի, ներկայի ու ժառանգության համար պայքարողը. նրա գեղանկարչական-ստեղծագործական ու գիտամանկավարժական գործունեությունը մշտապես ուղղված է եղել հայրենի երկրի համար կենսական նշանակության խնդիրների բնապատկերային-գեղանկարչական արտահայտմանը: Պատմական Հայաստանի բնապատկերների շարքն են ամբողջացնում նրա «Բազմաձայն պատարագ» (Ստրասբուրգ, «Lieu d’Europe» 2015), «Հայաստանիս հոգևոր կանթեղները» («Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան), «Երկիր Ավետյաց» (ՀՆՄ, Երևան,2021) ցուցադրույթները:
«Իմ Սյունիք» նկարաշարը մի համապարփակ ու համբերատար սեր է դեպի հայրենին ու բնությունը, դեպի այն ամենը, ինչը հազարապատիկ քոնն է, բայց և ամեն կտավ դիտելիս զգում ես Սյունյաց յուրաքանչյուր քար ու թուփ, ծաղիկ ու եկեղեցի ավելի քոնը, ավելի հարազատ, ավելի յուրահատուկ հենց այն հասկանալիությամբ, որ արյանդ մեջ է, որ ենթագիտակցական է ու ինքնաբուխ: Եվ պատմահոգեբանական այդ հիմքի վրա ավելի հասուն ու հիմնավոր է դառնում Սյունիքի յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու վճռականությունը:
Կտավներում Սյունիքն ամբողջանում է իր պայքարող պատմությամբ ու անկրկնելի բնությամբ՝ բերդերով ու ժայռերով, նռներով ու եկեղեցիներով, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք՝ իր առանձնահատուկ պատկերով ու բնաշխարհի հետ ներդաշնակությամբ, յուրաքանչյուր լեռ ու լիճ՝ իր յուրահատուկ ծաղկունքով ու խորհրդավորությամբ, բույրերով ու ձայներով: Տպավորությունների այդ աշխարհում դու զգում ես Սև լճի ջրերի թախիծն ու ծաղկած մասրենու հույսը, Զորաց քարերի կենդանի զորությունը, Մեղրիի նռների յուրահատուկ համն ու Կապանի ճամփեզրի ճարճատուկների բույրը, սյունեցու ոգին պեղում ժայռերի մեջ բուսած ծաղիկների սրտի մեջ, Հալիձորի բերդում, Կապանի արշալույսի ու Գորիսի անձրևի մեջ, Քաջարանի ժայռերում… Եվ տպավորությունները դառնում են աղոթք այն բազմաթիվ եկեղեցիներում, որոնք կտավներում էլ հառնում են որպես Սյունյաց աշխարհի պատմության ու հավատքի խոսուն վկայագրեր:

«Սյունիքը միջազգային հանրության և գերհզոր պետությունների հետաքրքրությունների կիզակետում է»,- հաստատում է գեղանկարիչը և իր վրձնով վերահաստատում նրա անվիճելի հայկականությունը մշակույթներ խեղող ու յուրացնող ադրբեջանական պետության ոտնձգությունների դեմ: Թերևս հենց այս ամենով էլ Լեմս Ներսիսյանի «Իմ Սյունիք» ցուցահանդեսն արժևորվում է ոչ միայն գեղարվեստական ու վավերագրական, այլև քաղաքական նշանակությամբ: Ընդ որում, ոչ միայն հայ, այլև օտարերկրյա դիտողների համար: Եվ այդ նշանակությունն ավելի է կարևորվում Անկախության վերարժևորման ու Սյունիքի համար դժվարին այս օրերին:

Հայկանուշ Գրիգորյան