«Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահը ընդդեմ Ազատավանի գյուղապետի

Blic.am-ի խմբագրություն է դիմել ՝ «Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյանը:Նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Հարգելի խմբագրություն, բազմիցս բարձրաձայնել եմ Արարատի մարզի Ազատավան համայնքի ԲՀԿ-ական ղեկավար Պետիկ Ղազարյանի ապօրինությունների մասին, սակայն իշխանություններն ու իրավապահ մարմինները անարձագանք են թողել իմ բողոք-դիմումները:  ՀՀ ոստիկանության Արտաշատի տարածաշրջանի բաժանմունքում գյուղապետին պաշտպանում են ու անտեսում նրա կատարած ապօրինությունները,քանի որ խնամիական կապ կա Ազատավանի գյուղապետ Պետիկ Ղազարյանի և Արտաշատի ոստիկանության պետի տեղակալ ՝ Արամայիս Վահանյանի միջև:Ես բազմիցս դիմել եմ ՝տարբեր բարձր ատյաններ ու բազմաթիվ պաշտոնյաների՝ Սուրեն Պապիկյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատի  իրար հաջորդող մարզպետներին, սակայն գյուղի բարձիթողի վիճակը դրանից չի փոխվել: Լսելի չեն նաև գյուղի մյուս բնակիչների բազմաթիվ բողոքները:

Կարևորը, Ղազարյանը իր պաշտոնը ծառայեցնում է իր ու իր ազգականների համար շահավետ պայմաններ ստեղծելով:Համայնքի պահուստային հողերը տվել է վարձակալության իր ազգականներին հորեղբոր տղային՝ 25 տարի ժամկետով , մյուսներին այդ թվում մեզ և իմ նմաններին մեկ տարով և ամեն  տարի պայմանագիրը երկարացնելու պայմանով: Վերջերս իմացանք, որ մեր վարձակալած հողերը առանց մեզ զգուշացնելու օտարել ու վաճառել է: Ցանկանում էինք ցորեն ցանել, բայց նա թույլ չտվեց, ասելով,որ արդեն իմ վարձակալած հողակտորը վաճառել է: Իմ նման մի քանի այլ խաբված վարձակալներ պատրաստվում են  գյուղապետի որոշումների դեմ բողոքի ձայն բարձրացնել հնարավոր բոլոր միջոցներով:  Պետիկ Ղազարյանի քույրերը աշխատանքի են անցել մանկապարտեզում,իսկ որդին՝ Լևոն Ղազարյանը կամայականորեն, սեփական շահի համար օգտագործում է գյուղապետի ծառայողական ավտոմեքենան:

Խմելու ջրագծերը ինքնանապատակ շահագործելը, կանգառի հարակից տարածքի թթենու ծառերի ապօրինի ծառահատումները, մանկապարտեզի շենքի ձեռքբերումը աստղաբաշխական գումարներով, մնում են անպատիժ:

Իսկ  այն, որ նա իր սեփական խանութները կառուցել է դպրոցի դիմաց փակելով դպրոցի դիմքը և խախտելով էսթետիկ տեսքը , պատկան ատյանների պետքը չէ:

Ազատավան համայնքի գյուղապետի կատարած ապօրինությունները բազմաթիվ են, որոնց մասին ես ինքս էլ բազմիցս ահազանգել եմ, բայց դրանք մնացել են անարձագանք:

Հարգելի խմբագրություն, դիմում եմ Ձեզ,հուսալով, որ պատկան ատյանները վերջապես կլսեն Ազատավան համայնքի բնակիչների գերակշիռ մասի բողոքը, ուսումնասիրություններ կկատարեն և կհանգեն համապատասխան հետևությունների:

Հարգանքներով՝ «Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյան»: