Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ահազանգում է

Ազգային ժողովի Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել.
-Ձկնորսության կազմակերպման և իրականացման նոր տեսլականը՝ աշխատատեղերի ստեղծմանը, զբաղվածությանը նպաստող գործոն
Հոկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի ձկնորսները, որոնք իրենց խաբված էին զգում, ճարահատյալ փակել էին Երևան-Սևան ավտոմայրուղին: Ինձ դիմած ձկնորսների պնդմամբ ձկնորսության սահմանված չափաքանակը շատ փոքր է, ինչը առաջացնում է սոցիալական մեծ խնդիրներ, և բազմաթիվ բնակիչներ կանգնել են իրենց ապրուստի միակ միջոցը կորցնելու վտանգի առջև։
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ շտապ պարզաբանում պահանջեցի ՀՀ շրջակա միջավարի նախարարից: Ի պատասխան ստացել եմ հարցը նոր ձևով լուծելու նախարարության պատրաստակամության վերաբերյալ տեղեկատվություն։ Նախարարությունը փնտրում է ելքեր՝ խնդիրը նոր տեսլականով կարգավորելու համար։ Մասնավորապես կառաջարկվի ձկնորսության կազմակերպման նոր ծրագիր որսի կազմակերպման ողջ շղթայով՝ կիրառելով համապարփակ մոտեցում ձկան որսից մինչև իրացում: Այն կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը, զբաղվածությանը և կայուն եկամուտի ձևավորմանը, սոցիալ-տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռության ապահովմանը, կենսապաշարի կայուն օգտագործմանը, պահպանությանն ու վերարտադրության կազմակերպմանը և այլ կարևոր հարցերի լուծմանը:
Թե նախարարությունը կոնկրետ ինչ առաջարկով է հանդես գալու, դեռ հստակ չէ, բայց հուսամ՝ չի լինի այնպիսի որոշում, որ մեր ձկնորսները կրկին ստիպված լինեն ճանապարհ փակել, քանզի անցյալ անգամ էլ փորձ արվեց խնդիրը կարգավորել, բայց փաստորեն էլի կիսակարգավորում եղավ, որը սոցիալական բունտի վերածվեց:
Խնդիրը լուծում է պահանջում, այլ ոչ՝ հետաձգում․․
Ցանկացած լուծման դեպքում պետք է այնպես անել, որ չտուժեն ո՛չ ձկնորսները, ոչ էլ մեր ազգային հարստություն՝ Սևանա լիճը։
Կից ներկայացնում եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխան գրությունը։