Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Քաղաքացիական Պայմանագիրը նոյեմբերի 14-ի ՏԻմ ընտրություններում թեկուզ մեկ ընտրատարածքում պարտություն արձանագրի, կորոնովիրուսի պատճառաբանությամբ կչեղարկվեն դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները: Եվ այդպիսի հեռանկարից խուսափելու համար փաշինյանական թիմը, մեր տեղեկություններով, նոյեմբերի 14-ի ընտրություններին ընդառաջ՝ հանել է իր ողջ ընտրապայքարային զինանոցը, քանի որ մի քանի համայնքներում, ինչպես նաև երկրորդ քաղաք Գյումրիում արդեն իսկ կայացած ընտրությունների արդյունքները փաստեցին ՔՊ-ի հանդեպ ժողովրդի՝ ոչ այնքան բարեհաճ վերաբերմունքի մասին։
Մեր տեղեկությունը պարզաբանելու համար դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Ի պատասխան՝ Սանոսյանը սկզբում կտրականապես բացառեց դեպքերի նման զարգացումը, բայց վերջում բավարարվեց միայն հույս հայտնելով, թե նման բան չի լինի. «ՉԻ կարող նման բան լինել։ Փորձը ցույց տվեց, որ նախորդ ընտրություններում նորմալ, հարգանքով ընդունել ենք մեր բնակիչների քվեարկութան արդյունքները, շնորհավորել ենք, անցել ենք աշխատանքի։ Դա չի կարող պատճառ հանդիսանալ՝ ինչ որ բան փոխելու: Ես միայն ուրախ կլինեմ, որ մենք կարողանանք կովիդի սահմանափակումները, կանոնները նորմալ պահել, որպեսզի այդպիսի հարց չառաջանա, որովհետև մեր ամբողջ համակարգը կառուցված է այնպես, որ ունենանք նորմալ ընտրություններ, ձևավորենք ավագանի, համայնքի ղեկավար, որպեսզի շարունակենք աշխատել: Հույս ունեմ, որ էդպիսի բան չի լինի: Որտեղ որ պարտվենք, մենք կհարգենք մեր ժողովրդի ընտրության իրավունքը, իրենց կարծիքը, կշնորհավորենք կանցնենք աշխատանքի: Բոլորի հետ պատրաստ ենք աշխատելու, լինի ընդդիմադիր համայնքապետ, թե ավագանու անդամ: Հույս ունեմ, որ կորոնովիրուսի պատճառով ընտրությունները չեն չեղարկվի…»։
*