Կարճաժամկետ ուղղորդված ծրագրերով նպաստելու ենք խոշորացված համայնքի զարգացմանը. Կառլեն Մկրտչյան

ՔՊ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանը գլխավորում է դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ՔՊ ցուցակը: Իր առաջադրումը նա պայմանավորում է Արտաշատ խոշորացվող համայնքի զարգացմանն ու բնակիչներին հուզող խնդիրներին արդյունավետ լուծման ուղիներ գտնելու նախանձախնդրությամբ: 44 օրյա պատերազմից հետո երիտասարդ թեկնածուի համար առավել քան տեսանելի է, որ տնտեսությունը պետք է արագ ոտքի հանել: Անհրաժեշտ են կարճաժամկետ, բայց ուղղորդված ծրագրեր՝ վիճակը շտկելու համար: Նրա համոզմամբ՝ ճիշտ կադրային քաղաքականությամբ հնարավոր է բավական արագ հասնել ցանկալի արդյունքի։
«Ծրագրերն ու դրանք կենսագործելու ուղիները բազմաթիվ են, և հնարավոր ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր համայնքը, որն ընդգրկում է 36 գյուղական և մեկ քաղաքային համայնք, դառնա մեկ ընդհանուր ամբողջություն թե՛ մշակույթով, թե՛ կենցաղով, թե՛ առօրյայով»,- ասում է ԿառլենՄկրտչյանը: Համայնքների խոշորացումը նա դիտարկում է պատասխանատվության և ֆինանսական միջոցների ճիշտ կառավարման համատեքստում։
-Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս եք պատկերացնում խոշորացման գործընթացը: Ինչպիսի՞ն է լինելու կառավարումը և ինչպիսի՞ն՝ ստանձնած պատասխանատվությունը։
-Մենք վերադառնում ենք նախկին շրջանային մոդելին և, կարծում եմ, որ կառավարումը ավելի արդյունավետ է լինելու, որովհետև խոշորացված համայնքը ունենալու է մեկ միասնական բյուջե: Յուրաքանչյուր համայնք ֆիանսավորվելու է մեկ ընդհանուր բյուջեից, և դա կարող է նպաստել, որ տրամադրված ֆինանսական միջոցները ավելի արդյունավետ կառավարվեն խոշորացված համայնքի ավագանու և համայնքապետարանի կողմից: Եթե նախկինում փոքր համայնքների՝ պետությունից ստացված դոտացիան երբեմն դժվարությամբ էր բավականացնում աշխատակիցների աշխատավարձերին, ավելին՝ շատ համայնքներում ֆինանսական խնդիրների պատճառով մանկապարտեզները ամբողջ տարին չէին գործում, ապա այժմ հասնելու ենք նրան, որ այդպիսի խնդիրներ չլինեն: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում մեր բնակիչների առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կարող են հանգուցալուծում ստանալ, և ոչ միայն ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման, այլև համայնքային պատասխանատվության մեծացման արդյունքում: Փոքր համայնքները կզարգանան:
Պարոն Մկրտչյան, ըստ Ձեզ, ինչու՞ պետք է արտաշատցին իր քվեն տա հենց Ձեզ:
-Նախ նշեմ, որ հանդիսանում եմ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Արտաշատի կառույցի ղեկավարը: 2019-2020 թթ. կարճ ժամանակահատված եղել եմ Արարատի մարզպետի խորհրդական, 2020-2021 թթ. աշխատել եմ «Արտաշատ ՋՕ» ընկերության գործադիր տնօրեն, և բնականաբար, աշխատանքի բերումով առնչվել եմ գյուղական համայնքների, գյուղացիների, ջուր օգտագործող հողագործների հետ, քաջածանոթ եմ թե գյուղական բնակավայրերի, թե Արտաշատ համայնքի բոլոր խնդիրներին, բնակիչների հոգսերին ու նրանց հուզող հարցերին: Լավ եմ պատկերացնում նաև, որ խոշորացված համայնքում պատասխանատվությունը էլ ավելի է մեծանում: Ի դեպ, ՋՕԸ-ում աշխատելու ընթացքում սպասարկել եմ 54 համայնք և միանշանակ կարող եմ ասել, որ գյուղացիները քաջածանոթ են ինձ և իմ գործունեությանը, գնահատում են, քանի որ հետևողական աշխատանքի արդյունքում հնարավորինս բացառել ենք թերացումները: Եվ չնայած բոլոր մարզերում առկա է ոռոգման ջրի խնդիր, իսկ այդ առումով 2021 թ-ը սակավաջուր տարի էր, այնուամենայնիվ սակավաջրությունը մեր մարզում էական խնդիրներ չառաջացրեց: Այդ իսկ պատճառով Արտաշատ խոշորացված համայնքը, որի մեջ ներառվում են իմ նշած գյուղերը, ճանաչելով ու գնահատելով իմ աշխատանքը, վստահ եմ, որ պետք է իրենց քվեն տան ինձ, ինչպես նաև իմ թեկնածությունն առաջադրած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը:


Հայտ ներկայացրած ո՞ր քաղաքական ուժերին եք համարում Ձեզ մրցակից:
-Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուի համար հայտ են ներկայացրել 6 քաղաքական ուժ։ Բոլորին էլ համարում եմ հավասար մրցակիցներ, բայց ժամանակը ցույց կտա, թե ժողովուրդը ում է վստահում:
ՊարոնՄկրտչյան, Դուք Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն եք, բացառո՞ւմ եք վարչական լծակների օգտագործումը Ձեր հաղթանակը ապահովագրելու համար…
-Թույլ տվեք ասել, որ 2018 թվականից սկսած ընտրական գործընթացներում որևիցե վարչական լծակ չի օգտագործվել:
-Ի՞նչ ձևաչափով են անցնում Ձեր քարոզարշավները:
-Բնականաբար, հանդիպումներ ենք ունենում ժողովրդի հետ, սկսել ենք այցելությունները համայնքներ, որտեղ ներկայացնում ենք մեր նախընտրական ծրագրի դրույթները, լսում ժողովրդին հուզող խնդիրները, բողոքները: Կազմել ենք աշխատանքային գրաֆիկ և յուրաքանչյուր համայնքի պատշաճ ժամանակ հատկացրել, որպեսզի կարողանանք գույքագրել խնդիրները, հասկանալ, թե ինչ են առաջարկում մեր համերկրացիները, իսկ հետագայում էլ լուծում տալ հիմնախնդիրներին:
Թե Արարատի մարզպետը և թե Դուք մարզում համարվում եք նորանշանակ պաշտոնյաներ: Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները, ստացվու՞մ է երկուստեք աշխատանքը:
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ մեր աշխատանքը բավականին արդյունավետ է, ունենք լավ աշխատանքային հարաբերություններ։ Բացի այդ, մենք նույն քաղաքական թիմից ենք, և այս իմաստով էլ մեր համագործակցությունը բավական լավ է ստացվում։ Կարծում եմ, ընտրվելու դեպքում այդ համագործակցությունը կշարունակվի և կլինի էլ ավելի արդյունավետ:
Ձեր ծրագրային դրույթներից ո՞րն եք համարում ամենակարևորը:
-Ինձ համար առաջնային խնդիրը տարածաշրջանի ոռոգման ջրի խնդիրն է, և քանի որ քաջածանոթ եմ խնդրին, ամեն ինչ անելու եմ, որպեսզի ջրի կորուստները հնարավորինս նվազեն: Բավական անելիքներ ունենք գյուղատնտեսության ոլորտում և քայլ առ քայլ իրականացնելու ենք մեր ծրագրերը: Մասնավորապես՝ ճանապարհների ասֆալտապատման խնդրի մասնակի լուծում, դաշտամիջյան ճանապարհների բարելավում, ինչպես նաև ճանապարհամերձ հատվածների ջրահեռացման և ջրատար առուների վերականգնման ու մաքրման աշխատանքներ: Նախատեսվում են աշխատանքներ նաև բազմաբնակարան շենքերում և բակերում: Մեր առջև խնդիր ենք դրել ներդնել նաև արևային էներգահամակարգեր՝ համայնքային բյուջեի հաշվին: Այսօր բավական քիչ են երեխաներին հատկացված տարածքները, և այդ ուղղությամբ ևս մեծ աշխատանքներ ենք նախատեսում. ստեղծվելու են մանկական խաղահրապարակներ, ժամանցի վայրեր: Նախատեսում ենք նաև գյուղատնտեսական հարաբերությունների ազատականացում՝ համակարգման և կանխատեսելի կառավարման համատեքստում: Մեզ համար գերխնդիր է գյուղատնտեսական տեխնոպարկի հիմնումը, նորարարական գյուղտեխնիկայով հագեցած տեխնոպարկը կնպաստի, որպեսզի գյուղացին շատ փոքր ծախսերով կարողանա իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները: Համայնքում հիմնելու ենք զարգացման և զբոսաշրջության կենտրոն, զարգացնելու ենք համայնքային զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ ձևավորելով Ազատի ջրամբար-Գետազատի բուրգ-Դվինի հնավայր զբոսաշրջային գոտի: Զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում դիտարկելու ենք նաև Գառնի-Լանջազատ ճանապարհը: Արտաշատ խոշորացված համայնքի հետ կապված ծրագրերը շատ են, և ամեն ինչ անելու ենք դրանք իրագործելու համար:
-Պարոն Մկրտչյան, ինչպիսի՞ն են Ձեր ծրագրերն ու անելիքները՝ կապված Արտաշատ քաղաքի հետ:
-Ամեն ինչ հնարավորինս անելու ենք, որպեսզի մեր համայնքը, որն ընդգրկում է 37 գյուղական և մեկ քաղաքային համայնք, դառնա մեկ ընդհանուր ամբողջություն թե՛ մշակույթով, թե՛ կենցաղով, թե՛ առօրյայով: Այսինքն՝ Արտաշատ քաղաքը չի առանձնանալու համայնքից, և նրա խնդիրները ևս դիտարկվելու են համայնքային բոլոր կարևոր խնդիրների համատեքստում:
Լիլիիթ Ավետիսյան