«Դժոխքի ձոր». դաժան պատերազմի ու անկոտրում հայորդիների մասին պատմող 44 նկար, 44 հատորանոց լեգենդ

«Դժոխքի ձոր». այս խորագիրն է կրում գեղանկարիչ Սևադա Սարգսյանի 7-րդ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի աջակցությամբ և համակարգող Լուսինե Քարամյանի գործուն ջանքերով:

Այն  նախ ներկայացվեց Երևանում, իսկ այս օրերին՝ ԼՂՀ Հայաստանի ներկայացուցչության, ԼՂՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ստեփանակերտի Պատկերասրահի ու Շուշի քաղաքի թանգարանների համագործակցությամբ և վերջինիս տնօրեն Լուսինե Գասպարյանի ջանքերով՝ նաև Ստեփանակերտի պատկերասրահում։

 

Խորհրդանշական է, որ Արցախյան 2-րդ պատերազմում Բերձորի պաշտպանության մասնակից նկարչի՝ առաջնագծում արված աշխատանքները 44-ն են, իսկ ավելի ուշարժան փաստը՝ որ Սևադան պատերազմական թոհուբոհի, երկնքից թափվող կրակի տարափի տակ յուրաքանչյուր ծնվող նկարի համար տետրից պոկված թերթիկների վրա ուրվագծեր է արել: Հենց դրանք էլ հետագայում դարձել են նկարներ, դարձել դաժան պատերազմի ու անկոտրում հայորդիների մասին պատմող 44 հատորանոց լեգենդ:

Ցուցահանդեսում ներկայացված նկարներում նկարչի իրական զգացողություններն են, առաջին պահից ձգող ու նորանոր էջեր բացող պատմությունները : Զինվորական թեյնիկը, հրդեհված անտառները, ազատամարտիկների կենդանի գոյությունն ու ճղակոտոր, բայց արմատներով ամուր հողին կառչած կաղնին, մասրենու թուփն ու ծառի ճյուղին տեղավորված փոքրիկ թռչնակը դիտողին գամում են տեղում, ստիպում ոչ միայն վերապրել մեկ տարի առաջվա արհավիրքը ականատես նկարչի վավերագրմամբ, այլև մտորելու բազում առիթներ տալիս եղածի ու այն իրականության մասին, որի միջով անցնում ենք հիմա:

Գույների այս հետաքրքիր ամբողջականության մեջ, ասես մինչ այդ մարդկությանը անհայտ գունապնակ է հայտնվել, պատերազմը՝ որպես մարդկության դեմ ամենավայրագ հանցագործությունը հերքող գույներով, որտեղ տեղ- տեղ գերակշռում է կարմիրը, տեղ տեղ՝ թանձր կապույտը, իսկ երբեմն էլ՝ գորշ մոխրագույննն ու նարնջագունը: Հասկանում ես, որ արվեստագետի հոգին ապրված գույներով է վավերագրել՝ նոր ասելիքով ցանկանալով ո՛չ ասել պատերզմին: Հասկանում ես, որ սա պարզապես ցուցահանդես չէ, այլև ապրված իրականություն, որ արվեստի լեզվով ասելիքն է փոխանցում աշխարհին։ Այստեղ սովորական աչքի համար անտեսանելի թերևս, բայց ապրեցնող երկու գույներ կան՝ երկնագույնն ու ճերմակը՝ երազանքների ճերմակ աղավնու ու խաղաղ երկնքի պատրանքով։ Այդ գույների մեջ է նկարիչն ամփոփել խավարի դեմ պայքարելու պահանջն ու համատարած գորշությունը հույսի փոխելու, ապրելու հրամայական դարձնելու անհրաժեշտությունը։

Լիլիթ Ավետիսյան