Մարաշի ոստիկանները հայտնաբերել են «Հայփոստի» աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձին. նա կալանավորվել է

Հունվարի 10-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, մի տղամարդ մտել է մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի «Հայփոստի» բաժանմունք և հայտնել, որ իր անունով արտասահմանից ուղարկված ծանրոցը ցանկանում է ստանալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

«Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել է, որ նրա անունով ծանրոց չկա, ինչից հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն և կոտրել բաժանմունքի գույքը։ Ներկաներից մեկն ահազանգել է ոստիկանություն։

Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խմբերը պարզել են կատարվածի հանգամանքները։
Խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ կերպով ճշտել են տղամարդու ինքնությունն ու ձեռնարկել որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հունվարի 14-ին Մարաշի ոստիկանները 39-ամյա տղամարդուն հայտնաբերել և բերման են ենթարկել։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ձերբակալվել, ապա կալանավորվել։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է: