Այսօր սիրված դերասան, ռեժիսոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

Կարպ Խաչվանքյանը ծնվել է հունվարի 23-ին, 1923 թվականին՝ Վրաստանում։ Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։

Հայկական բեմի Չարլի Չապլինը անտարբեր չէր թողնում և ոչ մի հանդիսատեսի։ Նրա ժամանակակիցները հիշում են՝ Խաչվանքյանի ներկայացումների ժամանակ մարդիկ ծիծաղից ընկնում էին գետնին, դահլիճը՝ թնդում ուրախությունից։

20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։

Կարպ Խաչվանքյանի ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։

1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։

Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։