Նոր նախագծով սահմանվում է մանկավարժների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը

Ազգային ժողովը քննարկում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախագծի լրամշակված տարբերակը:

Նախագիծը մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը:

«Սահմանվում է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Պետք է հիշեցնեմ, որ «Նախադրոցական կրթության մասին» օրենքով սահմանվել էր, որ մենք անցնում ենք համընդհանուր ներառման:

Այս ուղղությամբ աշխատանքներն ամբողջ ծավալով ընթանում են, սակայն լիազորող նորմերի մասում խնդիր ունեինք, որ համապատասխան կարգի սահմանումը բաց էր, այժմ լրացվում է»,- ասաց Անդրեասյանը:

Բացի դրանից՝ սահմանվում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը:

Սահմանվում են նաև համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու կարգերը:

«Կարևոր եմ համարում այն մեխանիզմի ներդրումը, որ պետք է ունենանք ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված համակարգ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը: