«Քանի դեռ շնչում ենք, պայքարելու ենք». որդեկորույս մայրեր

Տևական դադարից հետո բանակում սպանված զինծառայողների ծնողները կրկին կառավարության շենքի մոտ են: Իրենց բողոքի ժամանակավոր դադարը նրանք հիմնավորում են թավշյա իշխանությունների խոստումներին սպասելով:

Blic.am-ի հետ զրույցում բողոքող ծնողների անունից Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը նշեց. «Վարչապետի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովի եզրակացությանն էինք սպասում, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն ու իրենք էլ հասկանան՝ իրականում ինչ է եղել: Սակայն ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ իրավապահները տվել են միասնական խորհրդատվական եզրակացություն, բայց ոչ մի հատուկ կարծիք չի եղել: Վեց անդամներն էլ միահամուռ ընդգծել են այն հարցերը, որոնք ես արդեն 14 տարի բարձրաձայնում եմ: Այն նույն հարցերն են առանձնացրել, որոնք մենք արդեն տարիներ շարունակ ներկայացնում ենք պատկան մարմիններին: Արդեն ակնհայտ է, որ այս մարդիկ նույնպես ոչինչ չեն անում, և մեր գործերով ոչ մի առաջընթաց չկա: Իմ, Նանա Մուրադյանի և Իրինա Ղազարյանի որդիների սպանության գործերն ուսումնասիրվել են, եզրակացություններն իրենց սեղանին են: Դրանք ներկայացվել են վարչապետին, և նա անձամբ մեզ տեղեկացրեց, որ այդ փաստաթղթերը մակագրում է գլխավոր դատախազին։ Ցավոք, մինչև օրս ոչ մի տեղաշարժ չկա: Փաշինյանը բոլորիս ներկայությամբ նաև հայտարարեց՝ թող փաստերը հանեն, տեսեք ի՜նչ ենք անելու: Հիմա Ձեզ եմ հարցնում, պարոն վարչապետ ի՞նչ էիք անելու և ի՞նչ եք արել: Տիգրան Օհանջանյանի գործը 11 ամիս եղել է դատախազությունում, քննչական մարմիններում: Հիմա միայն կողքից ինձ լուրեր են հասնում դատախազությունից, քննչական մարմիններից, կառավարության անդամներից, Եղիշե Կիրակոսյանից, որ այո, կոմունիկացիաները վերջացել են, և սպասում ենք վճռին: Մեր գործը Եվրոդատարանում է, և մեզ առաջարկում են, որ պետության հետ գնանք հաշտության, բայց ես պետության հետ հաշտության գնալու ոչ մի պատճառ չունեմ, քանի որ հանցագործներից որևէ մեկը դեռևս չի պատժվել: 15 տարի պայքարելուց հետո որևէ մեղավոր անձ պատասխանատվության չի ենթարկվել, և հիմա էլ շարունակում է մնալ անպատիժ: Այս իրավիճակում ի՞նչ հաշտության մասին է խոսքը: Հիմա դատախազությունից մեսիջ են ուղարկում, թե՝ մենք մեղքը վերցնում ենք մեզ վրա: Մենք մեր մեղքը ընդունում ենք: Այսի՞նքն, ի՞նչ է նշանակում՝ մեղքը ընդունում ենք: Նիկոլ Փաշինյանը մեզ ասելիք ունի, բայց լռում է: Ինքը պետք է մեզ ընդուներ և բացատրություն տար թե Տիգրան Օհանջանյանի, թե Վալերի Մուրադյանի,թե Արթուր Ղազարյանի գործով և պարզաբանում տար մեր քրգործերի ընթացքի մասին»։ Գոհար Սարգսյանը հավաստեց նաև, որ անցյալ շաբաթ գրավոր դիմել են Արգիշտի Քարամյանին և խնդրել, որ ուրիշ պաշտոնյա իրենց չընդունի, քանի որ ինքն է այդ կառույցի ղեկավարը։ Իսկ տեղակալների աշխատաոճը նրանց կարծիքով, մեղմ ասած, գոհացուցիչ չէ։ Բանակում սպանված զինվորների ծնողները հավաստիացնում են, որ կառավարության շենքի մոտ շարունակելու են արդարություն պահանջել, քանի դեռ շնչում են…

Լիլիթ Ավետիսյան