Օրակարգում Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված հարցերն են

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Անթիլիասի մայրավանքում ընդունել է Երուսաղեմի լյութերական եկեղեցու եպիսկոպոս Մունիպ Հունանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի մայրավանքից, Երուսաղեմի լյութերական եկեղեցու առաջնորդն այցելել էր Վեհափառ Հայրապետին՝ քննարկելու Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ ծավալված վերջին զարգացումները:

Հոգևոր հայրերի քննարկումների արդյունքում որոշում է կայացվել կոչ անել Եկեղեցիների Համաշխարհային խորհրդին, Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդին, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների այլ կենտրոններին զորակցություն հայտնել Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիներին, ինչպես նաև պատվիրակություններ ուղարկել ԱՄՆ՝ իրենց ընդվզումը հայտնելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ:

Արամ կաթողիկոսը և Մունիպ Հունանը համաձայնել են, որ Երուսաղեմի հարցում քրիստոնեական եկեղեցիների դիրքորոշումը պետք է հիմնվի երկու կետերի վրա՝ Երուսաղեմի պատկանելիության հարցում քննարկումները պետք է ընթանան խաղաղության ոգով և միաստվածական երեք կրոնների իրավասությունները Երուսաղեմի տարածքում պետք է պաշտպանված լինեն: