ԱՄՆ նախագահին եւ առաջին տիկնոջը օդային տարածքը խախտած ինքնաթիռի պատճառով տարհանել են տնից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ առաջին տիկին Ջիլ Բայդենը ոչ երկար ժամանակով տարհանվել են իրենց տնից, որտեղ հանգստանում էին շաբաթ օրը. ոչ մեծ մասնավոր ինքնաթիռը սխալմամբ մտել էր Դելավերի նահանգի Ռեհոբոթ բիչի սահմանափակ օդային տարածք, տեղեկացրել է Reuters-ը։

Ինքնաթիռն անմիջապես դուրս է բերվել արգելված օդային տարածքից, տեղեկացրել է ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլելմին։ Օդաչուն, որի անձը պարզվել է, կհարցաքննվի, ասել է նա։

«Նախնական քննությունը ցույց է տվել, որ օդաչուն չի գտնվել համապատասխան ռադիոալիքում, չի հետեւել NOTAMS-ին (ծանուցում օդաչուների համար) եւ թռիչքի հրապարակված հրահանգին»,- ասել է նա։

Շաբաթ օրը, արեւելյան ժամանակով ժամը 13.00-ին տեղի ունեցած միջադեպը խառնաշփոթ է առաջացրել Ռեհոբոթ բիչի կենտրոնում եւ ստիպել է նախագահի ավտոշարասյանն անցնել քաղաքի միջով՝ նախքան Բայդենների նստավայր վերադառնալը։