Ոսկեղենիկ մայրենիով հրաժեշտ Այբբենարանին

Տոնական մթնոլորտ էր Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում: Առաջին դասարանցիները հրաժեշտ էին տալիս իրենց Այբբենարանին: Շքեղ զարդարված դահլիճի պատերին փակցված էին Մեսրոպ Մաշտոցի նկարը և հայոց տառերը: Դեռ երեկ առաջին անգամ դպրոց մտած փոքրիկներն այսօր արդեն կարդում և գրում են մայրենի ոսկեղենիկ տառերով: Գրաճանաչ առաջին դասարանցիները,  մեծ ոգևորվածությամբ, երդվեցին միշտ սիրել մայրենի լեզուն, գրել գեղեցիկ, հավատքի սրբագույն խոսքերը միշտ շշնջալ մայրենիով: Ողջ ցերեկույթի ընթացքում ներկաները վայելեցին փոքրիկների ասմունքը, երգն ու պարը:

Միջոցառման առթիվ իր գոհունակությունը հայտնեց դպրոցի տնօրեն Էլմիրա Պողոսյանը՝  փոքրիկներին մաղթելով նորանոր հաջողություններ ու բարի ընթացք:

Դասվար  Իրա Ասրյանը ողջունելով հյուրերին, ընդգծեց.  <<Հայ երեխաների մի սերունդ ևս կրթվեց, դարձավ գրաճանաչ: Այսուհետ նրանք կկարողանան մտնել գիտության դարբնոց, ստացած գիտելիքներով հաղթահարելով բազմաթիվ բարձունքներ  >>:

       

Տառաճանաչ դարձած փոքրիկները իրենց ելույթներով մեկ անգամ ևս  փաստեցին, որ իրենք մեսրոպյան գրերի հավատարիմ ընկերներն են:

Իսկ Այբբենարանի   հանդեսն ու տառաճանաչության տոնին նվիրված միջոցառումը ծավալվեց ինչպես հեքիաթում։

Միջոցառումն  հագեցած էր նաև թումանյանական հարուստ խոսքով, նրա ուսանելի բանաստեղծությունները թևածում էին դահլիճում, և մեկ անգամ ևս վերահաստատում, որ տառաճանաչ դարձածփոքրիկները գնալու են լույսի ու գիտության ճանապարհով:

Հյուրերին հիացրեցին երեխաների կողմից բարեկամ ազգերի պարերի բեմականացումները: Սրերով պարի ընթացքում աղջիկները լավաշ-հացեր գցեցին տղաների ուսերին, ինչը ևս խաղաղության երաշխիք էր: <<Ճերմակ աղաղվնիներ>> երգի հնչյունների ներքո օդ բարձրացան աղավնակերպ օդապարիկներ,  խորհրդանշելով  խաղաղությունն ու խաղաղ երկինքը:

«Այբբենարան, իմ սիրելի, բաժանվում ենք այսուհետ, քո պատկերը պարզ ու բարի ամբողջ կյանքում կգա մեզ հետ»,- այսպես դպրոցականները հրաժեշտ տվեցին ոսկետառ ու ոսկեբերան մայրենի լեզվի առաջին դասագրքին։

Հատկանշական է, որ առաջին դասարանցիների ծնողների կողմից շնորհակալագրով պարգևատրվեցին 1-ին բ դասարանի դասվար, բազմամյա մանկավարժ Իրա Ասրյանը և տնօրեն Էլմիրա Պողոսյանը:

Լիլիթ Ավետիսյան