Հայտնի են Գերմանիայի՝ ռուսական ածխից ու նավթից հրաժարվելու ժամկետները. Reuters

Օգոստոսից Գերմանիան ամբողջությամբ կդադարեցնի ածուխ գնել Ռուսաստանից, իսկ դեկտեմբերի 31-ից կհրաժարվի ռուսական նավթից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆինանսների փոխնախարար Յորգ Կուկիսին։

«Յուրաքանչյուր ոք, ով ծանոթ է «Դրուժբա» խողովակաշարի պատմությանը, որը խորհրդային կայսրության գործիքն էր Արևելյան Եվրոպայում, գիտի նաև, որ այդ կախվածությունից ազատվելը մանրուք չէ, բայց սրան կհասնենք մի քանի ամսից», – ասել է քաղաքական գործիչը Սիդնեյում կայացած համաժողովների ժամանակ:

Հոդվածում նշվում է նաև, որ Ռուսաստանին բաժին է ընկել գերմանական ածխի և նավթի ներմուծման 40 տոկոսը։

Գերմանիան արագացնում է հեղուկացված բնական գազի (LNG) ներմուծման տերմինալների կառուցումը, որպեսզի լրացնի այն բացերը, որոնք կառաջանան ռուսական վառելիքից աստիճանաբար դուրս բերելուց հետո, ասել է Կուկիսը։

Բացի այդ, ինչպես ընդգծել է Գերմանիայի ֆինանսների նախարարության ղեկավարի տեղակալը, Բեռլինը կենտրոնացել է էներգիայի այլընտրանքային աղբյուրների անցման վրա։

Գերմանիան, ինչպես և արևմտյան մյուս երկրները, կանգնած է էներգակիրների գների աճի առաջ՝ կապված Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման և վառելիքից հրաժարվելու քաղաքականության հետ: Վառելիքի, առաջին հերթին գազի գնի բարձրացման պատճառով Գերմանիայում արդյունաբերությունը հիմնականում կորցրել է իր մրցակցային առավելությունները, ինչը ազդել է նաև գերմանական տնտեսության այլ ոլորտների վրա: Ի դեպ, Գերմանիայի տնտեսությունն ամենահզորն է համարվում Եվրամիությունում։