Այսօր՝ դեկտեմբերի 11-ին կայացած Վանաձոր համայնքի ավագանու նիստի ավարտին ՀՀԿ-ական ավագանու անդամ Վահագն Ավագյանը բարձրացրեց քաղաքի աղբահանության վատ վիճակի հարցը: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մեկնաբանություններն այս թեմայով ավագանու անդամին չբավարարեցին:«Ես ասեմ, որ խայտառակ վիճակ է: Ոչ մի տարի էսքան վատ չի եղել,- նշեց նա, ապա դիմեց քաղաքապետի նորանշանակ առաջին տեղակալ Արկադի Փելեշյանին,- իսկ քաղաքապետի առաջին տեղակալն ի՞նչ կասի»:«Քաղաքապետի առաջին տեղակալը կասի, որ դու տեսնում ես, ես ավելի լավ եմ տեսնում, ամեն օր էդ հարցով զբաղվում եմ… Ես իմ պարտականությունները կատարում եմ»,- ձեռքը սեղանին խփելով հակադարձեց Ա. Փելեշյանը եւ հավելեց. «Որ չգիտես, մի ասի՝ առաջին տեղակալն ինչ ա անում: Ես քեզանից շատ եմ ուզում, որ քաղաքը մաքուր էղնի»:Այս դիտարկմանը ավագանու անդամի արձագանքն այսպիսին էր. «Էդ ո՞նց ես չափում, որ դու ավելի շատ ես ուզում… »:ՀՀԿ ու ՀՎԿ ներկայացուցիչների թեժ բանավեճը շարունակվեց մի քանի րոպե ու հնարավոր է ավելի թեժանար, եթե չընդհատվեր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կողմից: