Սասուն Խաչատրյանի ղեկավարած կոմիտեն թարմացնում է ավտոպարկը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սասուն Խաչատրյանի ղեկավարած ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարեվերջից սկսել է թարմացնել իր ավտոպարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս տարվա հունիսին նոր ավտոմեքենաներ է գնել՝ ծախսելով 69 մլն 500 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ կոմիտեն պայմանագիր կնքել է «Կապիտալ մոթորս» ընկերության հետ: Նշենք, որ երկու չափաբաժնով է գնումը կատարվել. առաջին չափաբաժնի ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն դրամ, իսկ երկրորդինը՝ 52 մլն 500 հազար դրամ:

Բայց, մյուս կողմից, նկատենք, որ պայմանագրում նշված չէ, թե կոմիտեն թվով քանի ավտոմեքենա է գնել: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, այս տարի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն «Տոյոտա Երեւան» ընկերությունից 18 մլն 400 հազար դրամով գնել է մարդատար ավտոմեքենա, որն արտադրվել է 2021 թվականին: Ավտոմեքենայի գույնը սեւ է: Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարեվերջին էլ է գնել մեկ մարդատար ավտոմեքենա 15 մլն դրամով:

Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը մտադիր է թարմացնել ավտոպարկը: Ավելին, ՀՀ կառավարությունում եւս քննարկում են ոչ միայն հին ավտոմեքենաներից ազատվելու, այլեւ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ գնելու տարբերակը, բայց այս մասին՝ հաջորդիվ:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում