Երկու տարի անց հիշել են պատերազմի մեղավորներին. իրավապահ համակարգը՝ խնդրի առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը 44-օրյա պատերազմի գործողությունների մասով հարուցված քրեական գործերով կանգնել է մի խնդրի առաջ: Բանն այն է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի գործերը քննող նախաքննական մարմիններին պատերազմի ոչ բոլոր նյութերն են հասու, քանի որ դրանք համարվում են պետական, ռազմական գաղտնիք:

Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմիններից մեկը դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել պատերազմի մասով որոշ նյութեր, իսկ թե ինչ են պատասխանել դիմումին, մեզ առայժմ մանրամասներ պարզել չհաջողվեց, միայն գիտենք, որ այնքան էլ գոհացուցիչ չի եղել պատասխանը:

Նկատենք, որ, այս իրավիճակին զուգահեռ, Քննչական կոմիտեն բավականին ակտիվ կերպով մեկը մյուսի հետեւից մեղադրանք է առաջադրում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին Շուշիի ինքնապաշտպանությունը ճիշտ չկազմակերպելու համար եւ, դատարանի որոշմամբ, կալանքի է տանում:

Իսկ, ահա, երեկ մեղադրանք առաջադրվեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Թե ինչն է ակտիվության պատճառը, դեռ անհասկանալի է. երկու տարի անց հիշել են պատերազմի մեղավորներին։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում