Շնորհակալություն, Բժիշկ

Բժիշկ լինելը սոսկ մասնագիտություն չէ, այլև կոչում, որին արժանանում են նվիրումի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Բժշկությունն էլ սոսկ գիտություն չէ, այլ նախ և առաջ մարդու հանդեպ սրտացավ հոգածություն, մարդասիրություն։

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիական հանրապետական ինստիտուտում՝ «Հանրապետական ծննդատուն»,հենց այս սկզբունքով էլ աշխատում է նվիրյալ բժիշկների մի հրաշալի թիմ, ում ջանքերի ու կազմակերպված աշխատանքի արդյունքը մայրացող կանանց շնորհակալական խոսքերն են ուղղված բժիշկներին:

Հարգելի խմբագրություն, ես՝ որպես մեկը նրանցից, ով զգացել է այդ նվիրյալ ու արհեստավարժ բժիշկների թեթև ձեռքն իր վրա, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել ծննդատան բուժանձնակազմին այն պրոֆեսիոնալ աշխատաոճի ու անմնացորդ նվիրումի համար, որով նրանք վերաբերվում են իրենց աշխատանքին:

Բժիշկ-սոնոգրաֆիստ, ուշադիր, ջերմ ու սրտացավ  Նառա Համբարձումյան,  փորձառու մանկաբարձ-գինեկոլոգ Տարոն Խադիշյան, մանկաբույժ-նեոնոտոլոգ, հոգատար ու պատրաստակամ Գոհար Ղարիբյան, անսահման շնորհակալություն ձեզ նվիրումի ու ձեր աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվելու համար:

Երախտիքիս խոսքն  եմ ուղղում «Հանրապետական» ծննդատան գլխավոր  բժիշկ Լուսինե Աբրահամյանին, ում ջանքերի շնորհիվ նաև, թե բժշկական սարքավորումներով, թե սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ, ծննդատունը վստահություն է ներշնչում այցելուներին:

Առանձնահատուկ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիական հանրապետական ինստիտուտի տնօրեն, բազմավաստակ բժիշկ  Ռազմիկ Աբրահամյանին՝ բուժաշխատողների հրաշալի թիմի, բժիշկների անմնացորդ նվիրումի, կանանց ու հղիների բուժսպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Կարինե Հովակիմյան