Պուտինը՝ Թրամփի սկանդալային որոշման մասին

Պաղեստինա–իսրայելական հակամարտության լուծումը երկարաժամկետ եւ արդար պայմանավորվածություններ է պահանջում, որոնք համապատասխանում են բոլոր կողմերի շահերին։ Դրան հակասող ցանկացած քայլ ապակառուցողական է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ բանակցությունների ավարտին ՌԴ նախագահն այսպես է մեկնաբանել ԱՄՆ–ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը։

«Մեր երկրները միասին են հանդես գալիս բոլոր վիճելի հարցերի շուրջ, այդ թվում՝ Երուսաղեմի կարգավիճակի հարցով պաղեստինա–իսրայելական երկխոսությունը հնարավորինս արագ վերականգնելու օգտին։ Անհրաժեշտ են երկարաժամկետ եւ արդար պայմանավորվածություններ, որոնք համապատասխանում են բոլոր կողմերի շահերին։ Բնականաբար, այդ պայմանավորվածությունները պետք է համապատասխանեն նախկինում ընդունված՝ միջազգային հանրության որոշումներին»,– ասել է Պուտինը։

«Ռուսաստանը լիովին սատարում է բոլոր որոշումները, որոնք ընդունվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից։ Ապակառուցողական ենք համարում ցանկացած քայլ, որը հակասում է պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ երկխոսության արդյունքներին։ Նման քայլերը ապակայունացնող են, չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը եւ ընդհակառակը, հակամարտություն են հրահրում»,– ասել է նա։