Որ երկրի ներկայացուցիչն ինչ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում

ՄԱԿ ԱԽ-ն քննարկում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Քննարկումը տեղի է ունենում Հայաստանի դիմումի հիման վրա: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները եւս մասնակցում են նիստին:

Ներկայացնում ենք ելույթներից մի քանի հատվածներ.

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը նշել է. Վերջին շրջանի իրադարձությունները շատ են մեզ մտահոգել: Լեռնային Ղարաբաղի մեկուսացումը Լաչինի միջանցքի փակման հետեւանքներից մեկն է: Ազատ տեղաշարժի սահմանափակում է առկա, որն անընդունելի է: Մարդասիրական հետեւանքներն օրեցօր վատթարանում են: Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ հանձն առած պայմանավորվածությունները եւ պետք է երաշխավորված լինի մարդկանց ու ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով:

Ալբանիայի ներկայացուցիչ. Ի գիտություն ենք ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների խորհրդին դիմումները: Չնայած տարբեր տեսանկյուններից, մենք գնահատում ենք այն փաստը, որ երկու կողմերն էլ պատրաստ են երկխոսության: Համաձայնությունները պետք է հարգվեն եւ երկու կողմերը պետք է դրանք ի կատար ածել: Ապրանքների եւ մարդկանց անվտանգ տեղաշարժը պետք է ապահովվի միջանցքի երկայնքով: Երկխոսությունը խնդիրներիկ լուծման լավագույն ուղին է:

Չինաստանի ներկայացուցիչ. Մենք հավատում ենք, որ վեճերը պետք է լուծվեն երկխոսությամբ: ՌԴ-ն շատ մեծ  աշխատանք է կատարել եւ հույս ունենք, որ այդ վեճը կհանգուցալուծվի շատ արագ:

ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ. Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, մենք ուրախ ենք, որ գազամտակարարումը վերականգնվել է, բայց շարունակում ենք կոչ անել, որ անմիջապես վերաբացվի Լաչինի միջանցքը։ Հատկապես ձմեռվա ամիսներին մարդասիրական ծանր հետեւանքների վտանգ է առաջացել։

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ.  Մեզ մտահոգում է Լաչինի միջանցքի արգելափակման լուրերը։ Մենք ակնկալում ենք, որ տրանսպորտային հաղորդակցությունը մոտ ապագայում պետք է վերականգնվի։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զսպվածություն ցուցաբերել և հարել եռակողմ համաձայնագրերին։

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. Մենք կոչ ենք Ադրբեջանի կառավարությանը և այլ կողմերին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար՝ մարդասիրական և առեւտրային օգտագործման համար հնարավորինս արագ ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

Օրեր առաջ ՄԱԿ ԱԽ աշխատանքները լուսաբանող Security Council Report (SCR) անկախ հետազոտական կենտրոնն էր հաղորդել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ուրբաթ առավոտյան Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ֆրանսիայի առաջարկով։