Մտել է խանութ, սպառնացել, պահանջել դուրս գալ. Նոր Խարբերդի խանութում տեղի ունեցած պայթյունի դեպքով կա ձերբակալված

Քննություն է տարվում՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում տեղակայված խանութում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու համար: Կա ձերբակալված 1 անձ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16:25-ին, քաղաքացին ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Նոր Խարբերդ համայնքի շենքերից մեկի մոտ նռնակով հարձակվել են իր որդու վրա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ նկատել են նույն համայնքի 35-ամյա բնակչի, ում ձեռքին եղել է նռնակ: Բանակցության արդյունքում տղամարդը մարտական նռնակը հանձնել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին և տեղափոխվել Ոստիկանության բաժին:

Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված հագուստի խանութի 35-ամյա նախկին սեփականատերը նռնակը ձեռքին մտել է խանութ, սպառնացել, որ այն կպայթեցնի և պահանջել վերոհիշյալ քաղաքացու որդուն խանութից դուրս գալ: Վերջինս անմիջապես հեռացել է, որից հետո լսվել է պայթյունի ձայն:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ հիշյալ խանութի պատուհանների ապակիները կոտրված են, պատերի վրա առկա են պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքներ: Հայտնաբերվել և վերցվել են նռնակի բեկորներ:

Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք:

Նույն օրը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 35-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի պատճառները և վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։