Հրդեհից կյանքից զրկված զինծառայողների համար հոգեհանգստյան կարգ է կատարվել

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է մատուցվել հրդեհից զոհված զինծառայողների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղակատվական համակարգը։

«Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հոգեհանգստյան կարգը կատարվել է Սուրբ Գայանե վանքում։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետեւանքով զոհվել է 15, վիրավորում՝ ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3-ը՝ տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։