Տեսանյութ. Սուրեն Պապիկյանը տապալել է Ազգային Ժողովում՝ բանակի խնդիրների առնչությամբ հրավիրված քննարկումը

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշում է՝ այսօրվա քննարկումը, որը տապալվեց ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ջանքերով, վկայությունն է այն պարզ իրողության, որ հայկական բանակը իրապես բարձիթողի վիճակում է։

«Հունվարի 17-ին հրավեր է ուղարկվել ՀՀ ՊՆ-ին եւ ՀՀ ՖԻննախին՝ ակնկալելով կազմակերպել քննարկում, թե ինչու է Հայաստանում զինծառայությունը կորցնում իր գրավչությունը եւ մարդիկ զանգվածաբար լքում են բանակը։ Նախնական հաստատում ունեինք երկու կառույցից էլ․ Բայց այսօր՝ նշանակված հանդիպումից 1 ժամ առաջ Պապիկյանից ստանում եմ գրություն, թե նպատակահարմար չի գտնում այսօրվա քննարկմանը մասնակցելը կամ որեւէ ներկայացուցիչ ուղարկելը։
ՀՀ Ազգային ժողովը քաղաքացիների քվեով ձեւավորված մարմին է, որին հաշվետու է Կառավարությունը։ Եւ այս պայմաններում ասել, որ խորհրդարանական երկիր Հայաստանում գոյություն ունի խորհրդարանական վերահսկողություն, նշանակում է ուղղակի ստել։ ՊՆ-ն աշխատում է միայն քպ-ական պատգամավորների հետ։ Դրա համար էլ ունենք առաջնագծի այնպիսի խայտառակ պատկեր, ինչպիսին տեսանք ողբերգական հրդեհի օրը՝ հունվարի 19-ին Ազատ գյուղում։

Երբ մոտ երկու տարի առաջ երկրի թիվ մեկ պատասխանատուից հետաքրքրվեցի մեր առաջնագծի վիճակով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե լավ կահավորված առաջնագիծը տեսանելի չէ։ Սա՞ էր ձեր լավ կահավորված առաջնագիծը․ զինվորները քնել էին ճաղավանդակներով մի խրճիթի մեջ, 21-րդ դարում տաքանում են փայտի վառարանով, այն միացնում են բենզինով, անմարդկային պայմաններում․․․
Զինծառայողների իրավունքները պետք է քննարկեինք այսօր ՊՆ-ի հետ, բայց չեկան, խուսափեցին առերեսվել իրականության հետ՝ թեկուզ դռնփակ ձեւաչափով։
Բայց մի արձանագրում, այնուամենայնիվ, իրավունքների մասով պիտի անեմ հիմա․
Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունն եմ հիշեցնում․ «ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում: Տունը բաղկացած է եղել նախասրահից և երկու սենյակներից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտի վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում:..»:
Հիմա ընթերցում եմ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրից մի հատված, որը հստակ կարգավորում է զինծառայողներին զորանոցներում տեղավորելու և այլ հարցեր:

Ըստ նշված կանոնագրքի, մասնավորապես՝
1․ ժամկետային ծառայության զինծառայողները տեղավորվում են զորանոցում,
2․ մահճակալները պետք է տեղադրվեն դրսի պատերից 50 սմ հեռու,
3․արգելվում է որևիցե մեկին բնակվել ճաշարաններում, հացի գործարաններում, բուժկետերում, կաթսայատներում, արտադրական և պահեստային շինություններում, ակումբներում, հավաքակայաններում և անգարներում, ինչպես նաև զորանոցի ուսումնական և ծառայողական շինություններում:

Հիմա ով պետք է պատասխան տա այս իրավիճակի համար․ ինչու էին զինվորները բանտարկված ճաղավանդակներից այն կողմ։ Նիկոլ Փաշինյանն հիմա էլ չի կարող ասել, որ թիվ մեկ պատասխանատուն է, բայց մեղավորը չէ։ Թերեւս հենց այդ գիտակցումից խուսափելու համար էր Փաշինյանը հրապարակավ այնպիսի մանրամասնությամբ պատմում տեղի ունեցած հրդեհի ծագումը, որ թվում էր այնտեղ է եղել։ Դա ոչ այլ ինչ էր, քան ուղղորդում ՀՀ քննչական մարմիններին։
Այս ուղղորդումից հետո Փաշինյանը հաջորդ օրը շտապեց տարբեր մարզեր՝ ողջունելու պարեկներին։ Սա նշանակում է, որ պետական մակարդակով առավել կարեւորվում են մեր երկրում պարեկները, որոնք պիտի պահեն Փաշինյանի իշխանությունը, քան զինծառայողները, որոնք մեր երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորն են։

Վերջում եւս մեկ անգամ ցավով պիտի արձանագրեմ, որ ՊՆ-ի հրաժարումը այս քննարկումից ի ցույց է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության անլրջությունը եւ կառավարման տկարությունը։ Ափսոս մեր զինվորները․․․»,-ընդգծեց Թովմասյանը: