Աննա Վարդապետյանի նոր հանձնարարականը «մարտի 1-ի գործով»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է «Մարտի 1»-ի գործը հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանին Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասով նյութերը, ուսումնասիրել այն մանրակրկիտ եւ որոշում կայացնել: Նշենք, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը։

Բանն այն է, որ ավելի քան երեք տարի առաջ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ բացահայտել են 2008 թվականի մարտի 1-ին արձանագրված 10 մահվան դեպքերից մեկը։ Նշվում էր, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկել է Զաքար Հովհաննիսյանին: 2019 թվականի հունիսի 7-ին Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։ Նշենք, որ Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում Մաշտոցի պողոտայի մոտակայքում 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետեւանքով։

Հետագայում պարզ դարձավ, որ զենքը չի հայտնաբերվել, հետեւաբար չկա որեւէ ապացույց։ 2019 թվականի օգոստոսի 4-ին Պետրոսյանն ազատ արձակվեց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեն, կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն մինչ օրս չի ներկայացրել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում