ՀՀ որոշ շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 39 աստիճան

Հայաստանի տարածքում հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրի տվյալներով՝ այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա՝ ՀՀ որոշ շրջաններում հասնելով 39 աստիճանի՚

Նշվում է, որ Երևանում հուլիսի 16-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։