Ավարտական հանդես՝ մանկության վառ գույներով

Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մանկապարտեզը դեպի մեծ կյանք ճանապարհեց իր սաների արդեն երկրորդ խմբին։ Բացման խոսքով ծնողներին ու հյուրերին ողջունեց մանկապարտեզի տնօրեն Տաթևիկ Կիրակոսյանը՝ կարևորելով մանկապարտեզի դերը նրանց կյանքում։ Ապա փոքրիկներն իրեն գեղեցիկ ելույթներով հուզեցին ու հիացրին ներկաներին՝ կտրելով նրանց առօրյա հոգսերից և տեղափոխելով գեղեցիկի, բարու, ազնիվի, անկեղծի, հեքիաթների ու գույների կախարդական աշխարհը, բացահայտելով խաղաղության կարևորությունը յուրաքանչյուր երեխայի կյանքում։
Նրանք մեծահասակներին ստիպեցին մի պահ իրենց մանուկ զգալ, վերադառնալ դեպի այն յուրահատուկ աշխարհը, որ մեկ անգամ է տրվում յուրաքանչյուրին, վերապրել մանկության հրաշքը։ Ամեն ինչից զատ նրանք մեծերին զարմացրին նաև իրենց համագործակցելու, միմյանց օգնելու պատրաստակամությամբ ու հմտությամբ։ Միջոցառման ողջ ընթացքում երեխաների ելույթները զուգակցվում էին նրանց՝ մանկապարտեզի երկամյա ուրախ ու զվարճալի պահերը բացահայտող ջերմ ու անմիջական լուսապատկերներով, ինչը լրացուցիչ աշխուժություն էր հաղորդում միջոցառմանը։ Ապա փոքրիկներին ողջունեցին Քուչակի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլյա Պողոսյանը, բազմավաստակ ուսուցչուհի Անահիտ Գալստյանը, դպրոցի փոխտնօրեն Աղավնի Գալստյանը։ Նրանք կարևորեցին մանկապարտեզի ու դպրոցի միջև շարունակական համագործակցությունը, որի դրսևորումներից էր նաև դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Հարությունյանի օգնությամբ միջոցառումը ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ ապահովելը և  փոքրիկ շրջանավարտներին հայտնեցին, որ իրենց սիրով սպասում են դպրոցում։ Ապա միասին լուսանկարվեցին։ Միջոցառման ավարտին փոքրիկ Խոսրովի մայրը՝ Դիանան, ծնողների անունից իր երախտիքը հայտնեց դաստիարակ ընկեր Քրիստինեին ու դաստիարակի օգնական ընկեր Թագուհուն, ինչպես նաև մանկապարտեզի ողջ թիմին՝ դաստիարակ ընկեր Մարիամին ու դաստիարակի օգնական ընկեր Մարգարիտին, խոհարար ընկեր Մարիամին, բուժքույր ընկեր Սեդային, բարի ու հոգատար Նոնո տատիկին, և իհարկե, այս ողջ աշխատանքը կազմակերպող ընկեր Տաթևին՝ համագործակցված աշխատանքի, սրտացավ ու հոգատար վերաբերմունքի, երեխաների նկատմամբ ցուցաբերած սիրո ու ջերմության համար։
    Միջոցառումից հետո փոքրիկները դեպի երկինք բաց թողեցին խաղաղության իրենց երազները ճերմակ փուչիկների տեսքով։ Ի դեպ, հենց նրանք իրենց ավագ ընկերների հետ երկու տարի առաջ բացեցին Քուչակի մանկապարտեզի դռները նաև հաջորդ սերունդների փոքրիկների համար. Քուչակ գյուղում Հայաստանի անկախացումից ի վեր մանկապարտեզ չկար, և միայն 2021 թ. սեպտեմբերին, ավելի քան 30 տարվա դադարից հետո, նորից բացվեցին մանկապարտեզի դռները՝ յուրօրինակ աշխուժություն ու գույն մտցնելով գյուղի կյանքում առհասարակ։
Հայկանուշ Գրիգորյան