Ադրբեջանական կողմն անցած շաբաթվա ընթացքում Արցախում 2 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՆԳՆ

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը: Ըստ այդմ՝ 2023 թվականի օգոստոսի 21-28-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 164 հաղորդում, որից 156-ը հանցագործությունների մասին են: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում դրանցից 152-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից 2-ը, յուրացում կամ վատնում, ինչպես նաև սպանության փորձ բնութագրմամբ մեկական դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։ ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 2 դեպք:

Ադրբեջանական կողմն անցած շաբաթվա ընթացքում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել բացել Ասկերանի և Մարտունու շրջանների հացահատիկի դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Կրակոցներից ոչ ոք չի տուժել: Հաղորդագրությունները փոխանցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմին:

ՆԳ նախարարության բոլոր ծառայություններն Արցախի տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք: Արցախի պաշարման պատճառով ծառայությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով:

Ոստիկանության և ԱԻՊԾ ծառայողները վերահսկում են հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն: