Խոսք երախտիքի. երբ բժշկի աշխատանքը ամենօրյա պայքար է մանուկների առողջության պահպանման գործում

Խոսք երախտիքի. երբ բժշկի աշխատանքը ամենօրյա պայքար է մարդու առողջության պահպանման գործում

Երբ մասնագիտական որակներն ու մարդկային վեհ արժանիքները ներդաշնակվում են բժշկի մեջ, երբ այդ բժշկին ես վստահաբար ապավինում բալիկիդ առողջության պահպանումը, ուրեմն համոզված ես՝ երեխայիդ կյանքն ու առողջությունը հուսալի ձեռքերում են:

Մանկական սրտաբան, Նորք-Մարաշ Բժշկական կենտրոնի մանկական սրտաբանության ծառայության ղեկավար Հովհաննես Զոհրաբյանին ճանաչում են թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Իր գործի նվիրյալ բժիշկը բարի համբավ ու ճանաչում է ձեռք բերել տասնյակ տարիների տքնաջան ու անմնացորդ աշխատանքի շնորհիվ՝  առողջություն պարգևելով հազարավոր երեխաների:

Երբ հանգամանքների բերումով  դիմեցի մանկական սրտաբան Հովհաննես Զոհրաբյանին, հասկացա, որ  բժիշկ լինելը սոսկ մասնագիտություն չէ, այլ կոչում, որին արժանանում են նվիրումի ու ամենօրյա անդուլ աշխատանքի շնորհիվ:

Անչափելի է ծնողների երախտիքը Հովհաննես Զոհրաբյանի հանդեպ: Նրա մասին ծնողները խոսում են սիրով ու երախտագիտությամբ, և ես էլ, որպես նրանցից մեկը, պետք է ասեմ, որ  բժիշկն իր աշխատաոճով մշտապես փաստում է. առողջապահական համակարգում կան կոչումով բժիշկներ, ում համար մանուկների առողջության պահպանումը գերխնդիր է և  վեր է ամեն ինչից:

Նա հնարավոր ամեն ինչ և նույնիսկ անհնարինն է անում փոքրիկների առողջությունը վերականգնելու համար… Հովհաննես Զոհրաբյանի աշխատանքն ամենօրյա մաքառում է. նրա յուրաքանչյուր վիրահատություն ամենաիսկական ճակատամարտ է փոքրիկների առողջության պահպանման համար պայքարում։

Իմ խոսքը կհաստատեն բոլոր այն ծնողները, ում առիթ է ընձեռվել հանգամանքների բերումով առնչվել մանկական սրտաբանական ծառայության ղեկավարի հետ:

Հարգելի խմբագրություն, ձեր լրատվամիջոցով ցանկանում եմ երախտիքիս խոսքն ուղղել Նորք-Մարաշ ԲԿ-ի մանկական սրտաբանական ծառայության ղեկավար Հովհաննես Զոհրաբյանին՝ բալիկիս հանդեպ ցուցաբերած ջերմ ու հոգատար վերաբերմունքի, մասնագիտական արհեստավարժության, մարդկային տեսակի ու բժշկի կոչումը բարձր պահելու համար:

Շնորհակալություն նաև  մանկական սրտաբանական ծառայության բոլոր աշխատակիցներին, իսկ առանձնահատուկ շնորհակալությունս՝ սիրելի Տոմա Դավթյանին՝ փոքրիկների ընդունելությունը պատշաճորեն կազմակերպելու, ժպիտով ընդունելու և ժպիտով ճանապարհելու համար:

Անի Շահբազյան