«Ազգային Բևեռ» կուսակցության կին անդամներից մեկին մեղադրանք առաջադրվեց․ ինչ է սպասվում նրան

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհու կողմից ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալենրի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և Թումանյան փողոցների խաչմերուկում «Ազգային Բևեռ» կուսակցության կողմից իրականացված հանրահավաք-ակցիայի մասնակիցները փակել են ավտոմեքենաների երթևեկության համար նախատեսված հատվածը:

Նշված հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները հանրահավաքի մասնակիցներին ներկայացրել են ավտոճանապարհը բացելու օրինական պահանջ, սակայն վերջիններս չեն ենթարկվել նշված պահանջին: Դրանից հետո, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները սկսել են ձերբակալել իրավախախտում կատարող անձանց, հանրահավաքի մասնակից մի կին, օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, թիկունքի հատվածից մոտենալով ոստիկաններից մեկին՝ բռունցքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս գլխի հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: