Խորհրդանշական է, որ «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսի հենց 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման տարեդարձին. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր նախագահ, գեներ -մայոր  Արշակ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ.
Քույրեր և եղբայրներ, սիրելի՛ հայեր։
«Համահայկական ճակատ» կուսակցության հարգելի՛ անդամներ։
Շնորհավորում եմ ձեզ «Համահայկական ճակատ» կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցման կապակցությամբ։ Այսօրվանից մենք պաշտոնապես քաղաքական կազմակերպություն ենք, որն իր վրա է վերցրել մեր երկրի պետականության և անկախության իրավունքը հաստատելու, Հայաստանի սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը՝ ժողովրդի հետ միասին ապահովելու, հայության իղձերը կատարելու, պատմական արդարությունը վերականգնելու պարտականությունը։ Սա մեր պարտքն է հայ ժողովրդի, մեր ժառանգների առջև։
Խորհրդանշական է, որ «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսի հենց 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման տարեդարձին։ Մենք չենք հավատում պատահական զուգադիպություններին և կուսակցության կյանքի այս կարևոր իրադարձությունն ընկալում ենք որպես ի վերուստ վստահության նշան, որպես հաստատում, որ մեր նպատակները ճիշտ և ազնիվ են, որպես մեր ողջ ուժերը Հայրենիքին տալու հստակ ազդանշան։ Եվ մենք կարդարացնե՜նք այս վստահությունը։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ արդարադատության նախարարությանը և նրա աշխատակիցներին, ովքեր ազնվորեն կատարում են իրենց քաղաքացիական պարտքը, բարեխղճորեն ապահովում են Անկախության հռչակագրի՝ խղճի ազատության, բազմակուսակցական համակարգի և կուսակցությունների իրավահավասարության դրույթների իրականացումը։
Հայաստանի քաղաքացինե՛ր։ Կոչ եմ անում ձեզ համախմբվել «Համահայկական ճակատ» կուսակցության շուրջ՝ հանուն ողջ հայ ժողովրդի, աշխարհի ողջ հայության միասնության, ուժերի միավորման, հանուն մեր Հայաստանի բարգավաճման, մեր Հավատքի, ավադույթների և ուրույն մշակութի պահպանման։ Մեր հավատքը և հայրենիքի հանդեպ սերը անդրդվելի են, միասին մենք կհաղթահարենք բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, կապահովենք Հայաստանի Հանրապետության իրական ինքնիշխանությունը և կպաշտպանենք ազգային շահերը։ Մեր երկրի բարգավաճումը կախված է մեզանից յուրաքանչյուրից։
Մաղթում եմ բոլորիս առողջություն, վստահություն մեր ուժերին և խանդավառություն՝ հետագա ձեռքբերումների համար, ի շահ հայրենիքի: Մեր գործն արդար է, մենք անպայման հասնելու ենք մեր նպատակներին։