Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի մշակույթի նախարար Սերհիու Պրոդանի հետ։
Այս մասին հայտնել են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
Զրուցակիցները անդրադարձել են երկու երկրների մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը:
Դեսպանը նախարարի ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 11-ից 13-ը ՄԱԿ Զբոսաշրջության հետ համատեղ Երևանում կազմակերպվելիք Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին, վերահաստատելով հրավերը:
Խոսելով համաժողովի մասին, նախարարը հիշել է երկու տարի առաջ իր այցը Հայաստան, որի ընթացքում նա, մասնավորապես, մասնակցել էր զբոսաշրջության ոլորտում խոշոր կոնֆերանսին, ապա նկատել, որ այս անգամ Երևան կգա պետական քարտուղար Անդրեյ Չիստոլը:
Այնուհետև նախարարը կանգ է առել Մոլդովայում կազմակերպվող մշակութային միջոցառումներին, կարևորելով հայ համայնքի ներդրումը երկրի մշակութային կյանքում։
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին հայ համայնքի հետ համագործակցության և հայկական ժառանգության պահպանությանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Մոլդովայի միջև մշակութային կապերի խորացումը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։