«Երազանք» կրթահամալիրում կրկին տոնական տրամադրություն էր: Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» ընթերցել-քննարկելուց հետո կենտրոնի սաները մանկավարժների հետ բեմականացրել էին սիրելի հեքիաթը: Փոքրիկ դերասաններն այնքան լավ էին կերպավորում հերոսներին, որ թվում էր՝ իրականում էլ գտնվում ես հեքիաթում: Հյուրերը ուշադիր հետևում էին, թե ինչպես է պոչը կորցրած աղվեսը խնդրում, որ կարողանա տատիկի կաթը վերադարձնելով հետ ստանալ իր պոչը, որ կարողանա շուտ իր ընկերներին հասնել, որ իրեն չասեն՝ պոչատ աղվես, որտե՞ղ էիր:
Երեխաներն իրենց դերերը ներկայացրեցին սահուն ու վարժ, իսկ հյուրերը ջերմ ծափահարություններով ողջունեցին փոքրիկ դերասաններին ու նրանց մանկավարժներին՝ ընկեր Հասմիկին, ընկեր Թեհմինեին ու ընկեր Ասյային, ովքեր սիրով ու համբերատարությամբ փոքրիկներին պատրաստել էին այս ներկայացմանը: Ի դեպ, «Պոչատ աղվեսը» միակ ու վերջին հեքիաթը չէ, որ բեմականացնում են նրանք: Օրեր առաջ փոքրիկ դերասաններն իրենց հյուրերին հիացրեցին «Չարի վերջը» հեքիաթի ներկայացմամբ, որը ևս մանկավարժների նվիրված ու պատասխանատու աշխատանքի արդյունքն է:





Եվ առհասարակ, «Երազանք» կրթահամալիրում օրերն անցնում են շատ հագեցած: Առավոտը սկսվում է տողանով և նախավարժանքով: Այստեղ երեխաները կատարում են նաև ամառային հանձնարարություննեը, խորացնում անգլերերնի և ռուսերենի իմացությունները: Կրթահամալիրում շատ հետաքրքիր է անցնում ստեղծագործական ժամը: Երեխաները սովորում են ինքնատիպ մտածել ու ստեղծագործել: Նկարում են, երգում, պարում, գրում, կարդում, քննարկում իրենց ընթերցածը: էքսկուրսիաներ են կազմակերպվում Հայաստանի տարբեր գեղատեսիլ ու նշանավոր վայրերով: Վերջերս կրթահամալիրի սաները եղան Մաչանենց տանը, թխեցին հայկական համեղ լավաշը ու մեծ տպավորություններով վերադարձան:
Ի դեպ, այս կրթօջախում կարևորվում է նաև առողջ սննդակարգը, որի անբաժան մասն են վիտամիններով հարուստ առողջ բնամթերքը, մրգերն ու բանջարեղենը: Անգամ «լավ չուտող» երեխաները, ծնողների հավաստմամբ, բավական ախորժակով ուտում են թե նախաճաշը, թե ճաշը, թե հետճաշիկը: Ավելին՝ երեխաները դժկամությամբ են հեռանում կենտրոնից․ այստեղ միշտ ավելի հետաքրքիր է ամեն ինչ: «Երազանք»-ի ամենաբարձր գնահատականը նրա բարի համբավն ու հեղինակությունն են և ծնողների երախտիքի խոսքերը՝ ուղղված կենտրոնի տնօրենին և մանկավարժներին:
Շնորհակալություն «Երազանք» կրթահամալիրի տնօրեն Ժասմին Ղուկասյանին անմնացորդ նվիրումի համար, սիրելի մանկավարժներ ընկեր Ասյային ու ընկեր Թեհմինեին այն անգնահատելի ջանքերի, հոգատարության ու ջերմության համար, որ ամեն օր փոխանցում են երեխաներին՝ շարունակելով նրանց կրթել ու դաստիարակել հայեցի, նրանց առօրյան լցնելով իրական հեքիաթներով:
Շնորհակալություն, սիրելի «Երազանք», մեր բալիկների երազանքները իրականություն դարձնելու համար:
Անի Շահբազյան
