«Նախընտրական թեժ աժիոտաժի մեջ գտնվող իշխանականներն այս օրերին տագնապալից սպասումներ ունեն ոչ միայն հունիսի 7-ի ընտրություններից, այլեւ մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից։ Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում, մեղմ ասած, լարված իրավիճակ է, որը տեսանելի դարձավ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցից եւ ԵՄ գագաթնաժողովից հետո, որը կայացավ Երեւանում՝ մայիսի 4-5-ը: Այդ լարվածության արդյունքում Ռուսաստանը կոշտացրեց իր հռետորաբանությունը եւ հայ գործարարների արտադրանքի նկատմամբ սանկցիաներ սկսեց կիրառել։
Պուտինի կարծիքով՝ թե՛ Հայաստանի, թե՛ ՌԴ-ի համար ճիշտ կլիներ հնարավորինս շուտ կողմնորոշվելը, եւ առաջարկեց Նիկոլ Փաշինյանին` մինչեւ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը` մայիսի 28-29-ը, որոշում կայացնել: Սակայն Փաշինյանը հայտարարեց, որ չի մասնակցելու մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, եւ դա բացատրեց քարոզարշավով։ Նրա փոխարեն Աստանա կմեկնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ նիստից ՀՀ իշխանությունները բավականին տագնապալից սպասումներ ունեն, տարբեր խողովակներով ինֆորմացիա են ստացել, որ Հայաստանի նկատմամբ ՌԴ-ն որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնք կգաղտնազերծեն այդ օրը: Այդ օրը անգամ կարող է հայտարարեն Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու մասին, թեեւ կառույցը պետք է ընդունի կոնսենսուսային որոշում, եւ Հայաստանը կարող է վետո դնել այդ որոշման վրա ու ՀՀ տնտեսությունը որոշ ժամանակով փրկել կազմաքանդումից, սակայն, իշխանական աղբյուրների փոխանցմամբ, նման սցենարի պարագայում իրենք հասկանում են դրա հետեւանքները, եւ որ ՌԴ-ն այլ գործիքակազմերով այնպիսի խնդիրներ կստեղծի Հայաստանի համար, որը համարժեք կլինի ԵԱՏՄ-ից վտարելուն, օրինակ՝ տեխնիկական եւ սանիտարական կարգավորումների դաշտում, իսկ ծայրահեղ դեպքում Հայաստանի մասով կանոնակարգային խմբագրումների կդիմեն։
Չնայած իշխանությունում լավատեսների մի խումբ հույս ունի, որ շատ արագ ռուսական շուկային այլընտրանք կգտնեն` ի դեմս Ադրբեջանի, որի ներկայացուցիչների հետ ապրանքաշրջանառությունը զարգացնելու հարցով շաբաթներ առաջ անգամ Հայաստան ժամանեց Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը` իր հետ բերելով ադրբեջանցի գործարարների, որոնք Աղվերանում հանդիպում ունեցան հայ գործարարների հետ եւ փակ ֆորմատով քննարկեցին այդ հարցերը: Սակայն մեծ հաշվով հասկանում են, որ հեշտ եւ արագ չի լինելու Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու գործընթացը, իսկ ԵԱՏՄ-ից մեկուսանալը, չունենալով այլընտրանքային շուկա, կնշանակի տնտեսական լուրջ ճգնաժամի առաջ կանգնել եւ ՀՀ տնտեսությունն ու ներկա կենսամակարդակը հիմնովին վտանգել։ Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ առաջին սանկցիան լինելու է գազի գնի բազմապատկվելու տեսքով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
