Ասում ենք ՝ քիչ ենք կարդում. պետական մոտեցում է մեզ պետք այս հարցում

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն, այսօր, ամփոփելով ՀՀ Գրողների միության գործունեությունը 2017 թվականին, նշեց, որ  միության կողմից իրականացված ծրագրերի, սփյուռքի և արտերկրի գրողների հետ համագործակության և այլ առումներով այս տարին շատ հաջող է եղել:

«Թարգմանական գրականության վերաբերյալ մեր համաժողովի ժամանակ քննարկվեցին այն խնդիրները, թե ի՞նչը թարգմանել, ինչպե՞ս թարգմանել, հայկական գրականությունն ինչպե՞ս օտար լեզուներով թարգմանել, և ո՞ր տիպի գրականությունը՝ մասնագիտականը, թե՞ գեղարվեստականն է ավելի շատ մեծ պահանջարկ վայելում»,– ասաց նա:

Բանախոսի խոսքով՝ այդ առումով շատ լավ է վիճակը մեր հարևան Իրանում: Տարեկան 10-ից ավելի հայ գրողի ստեղծագործություն է թարգմանվում ու հրատարակվում պարսկերենով: «Իրանի հետ տարբեր ժանրերի գծով ունենք ծրագրեր, այս տարի հրատարակեցինք Հայաստան եկած իրանցի դրամատուրգների ժողովածուն, իրենք էլ իրենց հերթին տպագրեցին հայ դրամատուրգների ժողովածուն»,- ասաց գրողների միության նախագահը:

Անդրադառնակլով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ ՌԴ-ում հրատարակվող  «Литературная газета»-ն էջեր է տրամադրում հայ գրողներին, ովքեր իրենց ստեղծագործություններն են ներկայացնում ռուսերեն լեզվով: Նրա խոսքով՝  Վրաստանի հետ կան հրաշալի կապեր ևս:

Գրողների միության նախագահից հետաքրքվեցինք, որքանով են հայ մեծահարուսները հետաքրքվում իր կրթությամբ, մշակույթով և արվեստով: հարցին Էդվարդ Միլիտոնյանը պատասխանեց. «Շատ քիչ, ոչ այնքան, որքան անհրաժեշտ է: Ասում են՝ փոքր բիզնեսին պետք է աջակցել. բա գրողի բիզնեսին ո՞վ պետք է աջակցի, չէ՞ որ դա էլ մեր բիզնեսն է: Վերջերս անցկացված մարաթոնի ժամանակ պարզ դարձավ, որ գուցե որոշ մեկենասներ օգնում են սպորտի, այլ ոլորտներոում, բայց դա շատ քիչ է: Արվեստագետը պետք է ունենա հնարավորություն իր ստեղծագործությունը հասցնելու հանրությանը: Ասում ենք ՝ քիչ ենք կարդում: Հեռուստատեսությամբ քիչ է խոսվում այս կամ այն գրքի, գրողի մասին, դրա համար էլ քիչ են կարդում: Քիչ են մշակութային հաղորդումները, գրական հաղորդումներ ընդհանրապես չկան: Այս ամենը խնդիրներ են, որոնք պահանջում են պետական քաղաքականություն և մոտեցում»: