Գերտերությունները հաշվի են նստում Արցախի հետ

«Արցախի նախագահի այցը Վաշինգտոն՝ թեև պաշտոնական չէ, որովհետև Բակո Սահակյանը չճանաչված պետության ղեկավար է, սակայն, այն կարևոր քայլ է այն առումով, որ ԱՄՆ ղեկավարությունն անմիջականորեն շոշափում է Արցախի հարցը: Այս այցը պետք է դիտարկել ոչ միայն PR տեսակետից, այլ այն համատեքստում, որ սա վկայում է, որ գերտերությունները ցանկանում են ուղղակիորեն շփվել բանակցային գործընթացի լիիրավ կողմ չհանդիսացող Արցախի հետ և ֆիքսում են՝ առանց Արցախի հնարավոր չէ ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ պայմանավորվածություն ձեռք բերել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Արցախի ունեցած դե ֆակտո ստատուս-քվոն կարող է լուրջ հետևանք ունենալ վերջնական որոշման վրա և ընտելանում է այն մտքին, որ, դե ֆակտո Արցախում առկա է հայկական գերակայություն, և դա կփորձի ուժային տարբերակով փոխել. «Չի բացառվում, որ ցանկացած պահի սրացումների և պրովոկացիաների գնա սահմանին: Հնարավոր է՝ ոչ լայնամասշտաբ, բայց մի քանի օր տևողությամբ պատերազմական գոծողություններ սադրի: Ապրիլյանի ֆորմատի մեջ՝ հնարավոր է դիմի սադրանքների: Լայնամասշտաբ պատերազմ, առանց գերտերությունների համաձայնության, Ադրբեջանը չի կարող սկսել»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին Արցախի ներգրավմանը՝ Հակոբյանը նշեց, որ թեև այս պահին տեսանելի չէ հստակ գործիքակազմ, սակայն մենք մոտենում ենք այն փուլին, որ Արցախի ղեկավարությանը, ոչ ֆորմալ առումով, գերտերությունները ներքաշում են բանակցությունների գործընթացի մեջ:

Ասուլիսի ընթացքում, անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, բանախոսը մասնավորեցրեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ներսում տիրող իրավիճակը և նշեց, որ, այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ընդդիմությունը շատ բնական է,  քանի որ նա պետք է ձևավորի իր սեփական քաղաքական օրակարգը․ «ԱԺ ԵԼՔ խմբակցությունը խնդիր ունի Ազգային ժողովում ձեռք բերել միակ ընդդիմադիրի տիտողսը, որի համար էլ տանում է որոշակի քաղաքականություն, ընտրություններին առաջադրում է իր թեկնածուներին: ԵԼՔ-ը խնդիր չունի ողջ ընդդիմադիր դաշտը համախմբելու, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու: ԵԼՔ-ն անում է հնարավորը հաջորդ գումարման Ազգային ժողովում ունենալու ոչ թե ինը, այլ ավելի շատ թվով պատգամավորներ»,-ասաց նա։