Իշխանությունը պետք է քայլ անի, որ կուսակցությունները կարողանան գոյատևել (տեսանյութ)

«Ես չեմ տեսնում քայլեր, որով հնարավոր կլինի կանխել Հանրապետական կուսակցության թեկնածուի ընտրությունը: Դեռևս մեխանիզմներ չկան: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքական որոշ ընդդիմադիր ուժեր փորձում են քայլեր անել, նրանք միասնական ծրագիր չունեն: Ասվածի ապացույցը մարտի տասին կայացած հանրահավաքն էր, որն այդքան էլ մարդաշատ չէր և իրատեսական չեմ համարում ընդդիմադիր հատվածի ներկայացրած պահանջները, քանի որ չհամախմբվեց»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ ընտրության ժամանակ փող վերցրած քաղաքացին փողոցային ակտիվ պայքարի դուրս չի գա, իսկ եթե սրան ավելանում է նաև այն հիասափությունը, որը հասարակությունն ապրեց հանրահավաքներից և իրականություն չդարձած կոչերից հետ, ապա լճացած իրավիճակի պատճառը պարզ է դառնում. «Ընդդիմությունը թույլ կարգավիճակում է: Ես չեմ հասկանում իշխանության այն մոտեցումը, որ իշխանությունը չի կարողանում կարևորել ընդդիմության դերը և չի նպաստում, որ ընդդիմությունը դառնա ավելի ուժեղ և ինքնաբավ: Իշխանությունը պետք է քայլ անի, որ կուսակցությունները կարողանան գոյատևել, պետական մակարդակով ֆինանսական աջակցություն է պետք ընդդիմությունը: Որևէ մեկը չի կարող որևէ գործարարի միջոցներով երկար գոյատևել»,-ասաց նա:

Նախկին պատգամավորի խոսքով՝  կարևոր չէ, թե ինքն  ինչպես եմ վերաբերվում Սերժ Սարգսյանի թեկնածությանը, քանի որ դրա վրա ներազդել չեմ կարող․ «Քաղաքացին իր ձայնը 10,000 դրամով տվեց հանրապետականին և այսօր ակնկալել, որ ժողովուրդը կմտնի ակտիվ քաղաքականության մեջ, իրատեսական չէ, չէ՞ որ փող է վերցրել»,-ասաց ՍԴՀԿ ատենապետը: