Երաշտ և ցրտահարություն, վտանգի տակ են ծիրանենիները

Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ գյուղատնտեսական տարին անհարթ է լինելու այս տարի, որովհետև եղանակային տատանումները երաշտի վտանգ են ստեղծում, որի համար արդեն զգուշացրել են գյուղատնտեսությամբ զբաղվողներին՝ այգիներում համապատասխան միջոցներ կիրառելու․ «Կա մեծ ռիսկ հատկապես ծիրանենիների մասով, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ամեն չորս տարին մեկ՝ մենք ունենում ենք լուրջ խնդիր»,-ասաց նա։

Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ եթե պետությունը թույլ չտա ՀԷԿ-ին օգտագործել ջրամբարների ջուրը, ապա գյուղացիները կկարողանան իրենց այգները ջրել. «Ամեն տարի խաբում են, Սևանից ջուր են վերցնում: Կարծում եմ՝ եկել է ժամանակը պատասխան տալու»,-ասաց մասնագետը:

Բերբերյանի խոսքով՝ այն, որ գյուղացին այսօր թաղված է վարկերի տակ, գյուղերում մարդկանց 90 տոկոսը վարկի տակ է, դա նույնպես Գյուղնախարարության վարած սխալ քաղաքականության արդյունքն է. «Կառավարության հետ համատեղ պետք է դիմենք Համաշխարհային բանկին, և նախկինի նման 5-6 տոկոսով վարկեր հասցնենք գյուղացուն: Սակայն Կառավարությունը պետք է հսկի. գյուղացիական վարկով տաքսու սերվիս է ֆինանսավորվում: Սա է մեր խնդիրը»,-նշեց նա:

Անդրադառնալով Հայաստանում ԳՄՕ պարունակող բանջարեղենի արտադրությանը՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ Հայաստան են ներկրում սոյա՝ տարբեր անուններով՝ 10 հազար տոննա, որը օգտագործվում է խմորեղենի, երշիկի արտադրության մեջ. «Սոյան ԳՄՕ- է, որի մասին մենք լռում ենք, ա՛յ, այստեղ է պետք պատճառը փնտրել, ոչ թե Հայաստանի գյուղացուն մեղադրել ԳՄՕ-ով լոլիկ արտադրելու մեջ»,-նշեց Բերբերյանը: