Ֆրանսիացի Ալեն Ռոբերը, որը հայտնի է «Սարդ մարդ» մականունով, հերթական անգամ նվաճել է բարձրահարկ շենքի գագաթը: Ինչպես տեղեկացնում El Periodico-ն, այս անգամ խիզախ տղամարդը բարձրացել է Բարսելոնայում գտնվող 34 հարկանի շենքի երկայնքով՝ առանց ապահովագրող պարանների:
Այս խորհրդանշական քայլին ֆրանսիացին գնացել է բարձրացնելու իրազեկությունը և կոչ անելու բոլոր երկրների կառավարություններին և մարդկանց առավել զգոն և պատասխանատու վերաբերմունք դրսևորել կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում:
Ալպինիստն աշտարակի գագաթն է հասել տեղի ժամանակով առավոտյան 11:00-ի մոտ (երևանյան 14:00): Այնուհետև նա ցած է իջել, որտեղ նրան սպասում էին հավաքված հանդիսատեսը, ոստիկանությունը, փրկարարներն ու բժիշկները:
57-ամյա ֆրանսիացու հաղթահարած շենքը Բարսելոնայի ամենանշանավոր կառույցներից է՝ «Գլորիես» աշտարակը, որն ընդգրկված է Իսպանիայի ամենաբարձրահարկ կառույցների ցանկում: Շենքի բարձրությունը 144 մետր է:
Նշենք, որ Ալան Ռոբերը հայտնի է աշխարհի տարբեր քաղաքներում բարձրահարկ շենքեր մագլցելով՝ հաճախ առանց պաշտպանիչ հարմարանքների: