«Սարդ մարդը» նվաճել է Բարսելոնայի 34 հարկանի աշտարակը՝ բարձրացնելու իրազեկությունը կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում

Ֆրանսիացի Ալեն Ռոբերը, որը հայտնի է «Սարդ մարդ» մականունով, հերթական անգամ նվաճել է բարձրահարկ շենքի գագաթը:  Ինչպես տեղեկացնում El Periodico-ն, այս անգամ խիզախ տղամարդը բարձրացել է Բարսելոնայում գտնվող 34 հարկանի շենքի երկայնքով՝ առանց ապահովագրող պարանների:

Այս խորհրդանշական քայլին ֆրանսիացին գնացել է բարձրացնելու իրազեկությունը և կոչ անելու բոլոր երկրների կառավարություններին և մարդկանց առավել զգոն և պատասխանատու վերաբերմունք դրսևորել կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում:

Ալպինիստն աշտարակի գագաթն է հասել տեղի ժամանակով առավոտյան 11:00-ի մոտ (երևանյան 14:00): Այնուհետև նա ցած է իջել, որտեղ նրան սպասում էին հավաքված հանդիսատեսը, ոստիկանությունը, փրկարարներն ու բժիշկները:

57-ամյա ֆրանսիացու հաղթահարած շենքը Բարսելոնայի ամենանշանավոր կառույցներից է՝ «Գլորիես» աշտարակը, որն ընդգրկված է Իսպանիայի ամենաբարձրահարկ կառույցների ցանկում: Շենքի բարձրությունը 144 մետր է:

Նշենք, որ Ալան Ռոբերը հայտնի է աշխարհի տարբեր քաղաքներում բարձրահարկ շենքեր մագլցելով՝ հաճախ առանց պաշտպանիչ հարմարանքների: