ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկեց իմ հարցը. Աննա Կոստանյան

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի գրառումը’ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մանիպուլյացիայի վերաբերյալ.

«Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկեց իմ հարցը՝ տարածելով ապատեղեկատվություն։
Հարցիս էությունը մմասնավորապես կայանում էր նրանում, որ այս պահին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդողների ընդհանուր թիվը 37401 է, որից ուսուցիչ (բացի ուսուցչությունը դպրոցում այլ գործառույթ չունեցող)՝ 31018 են, իսկ մնացած 6383-ը՝ դասավանդողներ (դպրոցում վարչական, ուսումնաօժադակ պաշտոն ունեցող աշխատակիցներ, որոնք նաև դասավանդում են)։
Ըստ նոր որոշման՝ ուսուցիչների 31․018-ից 22․878-ը զբաղեցնում են 0.25-ից մինչև 1 դրույքաչափ, իսկ 6647-ը 1.01-1.50 դրույքաչափ, այսինքն, ըստ նախարարի՝ «Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի դիմաց հունվարի 1-ից` առնվազն 108 հազար դրամ է»: Սակայն նախարարի այս խոսքը, որ «Ամենայն հավանականությամբ, 2020 թ․ հունվարի 1-ից հանրապետությունում 108 հազար դրամից ցածր վարձատրվող ուսուցիչ չի լինի», չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս 22․878 ուսուցիչ շարունակում է ստանալ 108.000դրամ նվազագույնից ցածր աշխատավարձ։

Նախարարին կոչ եմ անում դադարեցնել մանիպուլացնել հատկապես իմ խոսքը, վերջապես գիտակցել, որ պատգամավորի աշխատանքի էությունն է քաղաքացիների հետ հանդիպումներում բարձրացված խնդիրները հնչեցնել ամբիոնից կամ կառավարության հարցուպատասխանի միջոցով, և ի դեպ, հիմնվելով հենց նախարարությունից ստացված տվյալների վրա։

Հ․Գ․ Վարչապետի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի երկխոսությունը՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/393636637955539/
Կառավարության համապատասխան որոշումը՝ որն այս պահին հասանելի չէ կայքում http://edu.am/index.php/am/news/view/7835 ։

Հ․Գ․ Ուսուցիչների վարձատրման մեխանիզմի մասին տես՝ https://fip.am/9273 վերլուծությունը»։