Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 11 ամիս դրամական աջակցությունը կտրամադրվի

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է շարունակել սոցիալական օգնության տրամադրումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին: 2021 թ. փետրվարի ամսից տրամադրվող սոցիալական օգնությունը կշարունակվի նաև 2022 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին:

Հիմնավորման համաձայն՝ առկա իրողություններով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի մի շարք բնակիչներ կորցրել են բնակելի անշարժ գույքը: Աջակցության տրամադրման ծրագիրն ավարտվել է, և դեռևս չեն լուծվել նրանց սոցիալական, այդ թվում՝ բնակարանային խնդիրները։ Ըստ այդմ՝ ամսական 68000 դրամ աջակցությունը կտրամադրվի ևս 11 ամիս:

Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ կսահմանվեն այդ ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացակարգը և ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր։