Մամուլն այսօր գրել էր, որ ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ ՔՊ-ական Դավոյանի օգնականը դահլիճից բարձր վիրավորել էր Քյարամյանին՝ ասելով, թե «համբալը կուրաժիտ ա լինում», ինչը լսել էր ոչ միայն Քյարամյանը, այլ նաև ներկաների մեծ մասը։ 24News-ի հետ զրույցում դահլիճում նստած երկու տարբեր մարդիկ ասել են, որ այս վիրավորական արտահայտությունը հնչեցրել է ոչ թե Արփի Դավոյանի օգնականը, այլ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զենյալյանը, որն էլ վերջում ՔԿ նախագահին ուղղված բավական կոշտ ելույթ ունեցավ։
Նկատենք, որ այս սկանդալից հետո ՔՊ-ի մի շարք պատգամավորներ արդեն իսկ հայտարարել են, թե պատրաստվում են հասնել Արգիշտի Քյարամյանի հրաժարականին։ Մեր տեսախցիկը երեկ ուշ երեկոյան արձանագրել էր, որ Քյարամյանը գտնվում էր Կառավարության շենքում։ Մեր տեղեկություններով, նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այս փաստը մինչև հիմա չեն հաստատել Կառավարության լրատվական ծառայությունում։ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այդպես էլ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։