ՄՎՊ առաջին պատվաստումները կատարվեցին լրագրողների ներկայությամբ

Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ Ծաղկաձորում ընթացող դասընթացը լրագրողների համար այսօր մեկնարկեց անակնկալով։ Բոլոր մասնակիցների ներկայությամբ կատարվեցին արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելող առաջին պատվաստումները։ Նրանց թվում էին Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի, Արաբկիր ԲՀ-­ի նյարաբանական ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի, «Վարդանանց» բժշկական կենտրոնի մանկաբուժության ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի (երկու), ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ­-ի բժշկուհի Ալմաստ Հարոյանի դուստրերը։

Ինչպես նկատեց պատվաստվող երկու աղջիկա մայրը՝ առաջին երջանիկներն ապահովագրվեցին դաժան հիվանդությունից։

Պատվաստվողների թվում էր նաև «Կենտրոն» հեռուստաընկերության «Առողջարան» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարինե Սահակյանը։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը ներկայացրեց, որ պատվաստումներն իրականացվելու են պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, որոնք ապահովված են անհետաձգելի բուժօգնության, հակաշոկային, ցավազրկող և անհրաժեշտ այլ դեղերով, որոնք պարտադիր են բոլոր պատվաստումների ժամանակ։ Հեռավոր գյուղերում պատվաստումների մեկնելիս խումբն իր հետ վերցնում է այդ ամենը։ Ի դեպ, դրանք առկա էին նաև Ծաղկաձորում։

Նաև նշվեց, որ բոլոր մանկաբույժներն արդեն իսկ անցել եմ համապատասխան ուսուցում ՄՎՊ պատվաստումն իրականացնելու համար։ Ցանկացած պատվաստում իրականացնելուց առաջ կատարվում է երեխայի առողջական վիճակի գնահատում։ Հրահանգված է, որ այն իրականացնի երեխայի մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը, ով երեխայի առողջական վիճակի մասին քաջատեղյակ է նրա կյանքի առաջին օրերից։

Այնուհետև 20-­ից ավելի լրագրողներ պատվաստվեցին սեզոնային գրիպի դեմ։