Հնդկաստանում պայթյուն է որոտացել գրանիտի հանքում. մահացել է 12 բանվոր (լուսանկարներ)

Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգի Կարնուլ քաղաքի մոտակայքում՝ գրանիտի հանքում, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 12 բանվոր, կան տուժածներ: Այս մասին հայտնում է Times of India-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղական ժամանակով ժամը 19:15-ին: Ոստիկանությունը կասկածում է, որ հանքում դինամիտ է պայթել, երբ այնտեղ է եղել 20 բանվոր:

Բացի այդ, դեպքի վայրում այրվող դիզելային ավտոցիստեռն է հայտնաբերվել: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք ավտոմեքենան կարող էր պայթյունի պատճառ դառնալ:

Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, փրկարարներ և ոստիկաններ: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: