Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Սիրելի Հայրենակիցներ,
Երկար մտորելուց և շահագրգիռ կազմակերպությունների և անձանց հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո հայտարարում եմ` Հայաստանի հանրապետության քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշման մասին:
Պետք է խոստովանեմ, որ այս որոշումըն ինձ հեշտ չի տրվել, քանի որ մինչ այժմ զբաղվել եմ իմ սիրած գործով` կրթությամբ և գիտությամբ, համարելով, որ որակյալ կրթությունն ու գիտությունը այն միջոցն է, որ կլուծի Հայրենիքիս առջև ծառացած լրջագույն խնդրիներն և կկանխի սպառնացող վտանգներն ու սպառնալիքները:
Ապրիլյան համաժողովրդական զարթոնքն ու շարժման հաջողությունը նոր ոգևորություն և հույս առաջացրեց իմ մեջ, որ վերաջապես Հայաստանում կձևավորվի մրցակացային և գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական համակարգ` բոլոր կուսակցությունների համար գործելու հավասար և ազատ պայմաններով:
Ժողովրդի հաղթանակն ընդդեմ բռնատիրության, համատարած և համակարգային կոռուպցիայի և հովանավորչության, ամբողջատիրության, մեկ մարդու կողմից երկրում ամեն ինչ որոշելու պրակտիկայի, ապաշնորհ և անարդյունավետ կառավարման, ինչպես նաև հանուն արդարության, ազատության, արժանապատվության չի կարող հաջողության չհասնել:
Հաղթանակել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ միասին վերցրած` ՀՀ Ժողովուրդը, որը չի կարող չհաղթել, քանի որ Ժողովրդի պարտությունը դա պետության և պետականության պարտությունն է:
Ցավով պետք է արձանագրեմ, որ վերջին 6 ամիսների ընթացքում Ժողովրդի հաղթանակը չենթարկցեց անհրաժեշտ կապիտալիզացիայի, ինչի մասին ես բազմիցս ահազանգել եմ` հուսալով, որ նոր կառավարության իմ հարգելի գործընկերները կգիտակցեն պահի լրջությունն ու փոփոխությունների օրեցօր նվազող հնարավորությունների մեծ ռիսկը:
Այլ պայմաններում այս ժամկետը կարող է թվալ շատ կարճ իրական և շոշափելի հաջողություններ արձանագրելու համար, սակայն այսօր յուրաքանչյուր օրն ու ժամն աշխատում են այդքան երկար սպասված փոփոխությունների իրացման դեմ` առաջացնելով նոր ռիսկեր և մարտահրավերներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում:
Միաժամանակ խիստ մտահոգված եմ Հայկական ինքնության հենասյունների և ազգային ինստիտուտների նկատմամբ նոր կառավարության որդեգրած անբարեխիղճ վերաբերմունքով, որի հետևանքով զգալիորեն հեղինակազրկվեցին և արժեզրկվեցին պետական ինստիտուտները, ինչը հնարավորությունների լայն դաշտ ստեղծեց գլոբալիզացիայի կողմնակից ուժերի համար Հայաստանը հերթական թիրախ դարձնելու համար:
Վերջին 20 տարվա ընթացքում ՀՀԿ-ի կողմից պահպանողական գաղափարախոսության աստիճանական ու հետևողական հեղինակազրկման և ապականման հետևանքով Հայաստանում ձևավորվել է <ամեն ինչ սխալ է և պետք է քանդվի> կեղծ օրակարգը, որի արդյունքում հարվածի թիրախ են դառնում այնպիսի հենասյունային ինստիտուտներ, ինչպիսիք են Հայ Առաքելական Եկեղեցին, Բանակը, Կրթական և Տնտեսական համակարգերը, Հայկական մշակույթն ու ավանդույթները, ընտանեկան արժեքները:
Կողմնակից լինելով ազատական շուկայական տնտեսության, հասարակական հարաբերությունների ապականոնակարգմանն ու ապակենտրոնացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ժողովրդավարությանն ու իրավունքի գերակայությանը, ինչպես նաև օրենքի առջև բոլորի հավասարությանը, միևնույն ժամանակ պնդում եմ, որ յուրաքանչյուր իրավունք նաև պարտականություն է, իսկ յուրաքանչյուր ազատություն` պատասխանատվություն, ինչի արդար և անկողմնակալ կիրառման երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը` որպես վարչական հարկադրանքի կիրառման միակ իրավասու սուբյեկտ:
Հիմք ընդունելով վերոգրյալը, հայտարարում եմ, որ իմ հետագա քաղաքական գործունեության հիմքում դրված կլինի աջ ուղղվածության, լիբերալ պահպանոողական` նեոկոնսերվատիվ, գաղափարախոսությունը:
Քաղաքական գործընթացներին մասնակցելու ձևաչափի մասին լրացուցիչ կհայտարարեմ ՀՀ քաղաքական ուժերի և շահագրգիռ խմբերի հետ խորհրդակցություններն ավարտելուց հետո»: