«Որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում գրել է, որ Հայաստանը բանակցային գործընթացում «մշտապես առաջ է մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության խնդիրները», «որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել»:

«Ռուս քաղաքագետ, հակահայկական դիրքորոշումներով հայտնի տխրահռչակ Ալեքսանդր Դուգինի հերթական զեղումներին չէի անդրադառնա, եթե նրանք տեղ չգտնեին նաև հայկական մամուլում:

Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը, հավատարիմ լինելով ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների ձևաչափին, բանակցային գործընթացում մշտապես առաջ է մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության խնդիրները:

Որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել, իսկ խնդրի հանգուցալուծումը դիտվել է բացառապես ամբողջական կարգավորման և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու գերակայություններից:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով. սա է մեր իշխանության օրոք Մինսկի խմբի համանախագահների վերջին տարիների բոլոր փաստաթղթերում տեղ գտած հիմնարար մոտեցումը:

Նույն հոդվածում Դուգինը Հայաստանին և Արցախին մեղադրում է “էտնիկ զտումներ” իրականացնելու մեջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ հոդվածի հիմնական նպատակն է, արդարացնելով ադրբեջանական ֆինանսավորումը, հերթական տեղեկատվական սադրանքը նախաձեռնելն է»,- գրել է Աշոտյանը: