17-ամյա պատանին պայթյուն է իրականացրել Արխանգելսկում Անվտանգության դաշնային ծառայության շենքում

Հոկտեմբերի 31-ի առավոտյան ոչ մեծ ուժգնության պայթյուն Է տեղի ունեցել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արխանգելսկի մարզի վարչության շենքում: Զոհվել Է մեկ մարդ, վիրավորվել՝ ծառայության երեք աշխատակից: Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը պայթել է զոհվածի ձեռքում: Քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ԱՀԿ) հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը 08:52-ին ԱԴԾ-ի վարչության շենքի մուտքում:

«Նախնական տեղեկատվության համաձայն, շենք մտած անձը պայուսակից հանել է դեռեւս չպարզված առարկա, որը որոշ ժամանակ անց պայթել է նրա ձեռքերի մեջ, ինչի հետեւանքով նա կյանքի հետ անհամատեղելի վերքեր է ստացել»,-ասված Է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» եւ «Ապօրինաբար զինամթերք կրելը» հոդվածներով: Հետաքննության տվյալներով՝ պայթուցիկ սարքը շենք է մտցրել տեղի 17-ամյա բնակիչը: