«Լուսավոր Հայաստանը» արտահերթին կմասնակցի միայնակ՝ ոչ «Լույս» դաշինքով

Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտարարություն է տարածել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի կապակցությամբ․

«Լուսավոր Հայաստան Կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում Ելք կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի նորագույն պատմության, այլև Ելք դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները՝ առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին շնորհելով հավասար մասնակցային հնարավորություններ։

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը, Հանրապետություն Կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել Լուսավոր Հայաստան Կուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։

Լուսավոր Հայաստանն իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից։ Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը՝ կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում Լույս խմբակցության շրջանակներում:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Ելք դաշինքի իր գործընկերներին՝ անգնահատելի և կարևոր համարելով երկու՝ Հանրապետություն և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների հետ երկամյա արտախորհրդարանական և խորհրդարանական բեղուն աշխատանքը։ Հավատում ենք, որ միասնական համատեղ աշխատանքի հզոր ներուժը սպառված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն առաջիկա ընտրություններում՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու»։